Արդեն տևական ժամանակ է Share4car ընկերությունը ստեղծել է մի համակարգ, որի նպատակը ՀՀ երթևեկությունը, ինչպես նաև միջքաղաքային տրանսպորտը կարգավորելը, թեթևացնելը և ավելի մատչելի դարձնելն է: Գաղափարը հետևյալն է՝ գտնել միևնույն ճանապարհով գնացող մարդկանց և կապել իրար:
«Այս գաղափարը մեզ մոտ առաջացել էր 2015 թ. օգոստոսին, սակայն դրա իրականացմանն անցել ենք հունվար ամսից: Նախ շուկան ենք վերլուծել, ապա նաև կարճ ժամանակահատվածում ստեղծել ենք մեր կայքը: Այս գաղափարի մասին սկսել էինք մտածել դեռ 2013-ին, երբ Երևանում անցկացվում էր free car ակցիան. հենց այդ ժամանակ էլ հասկացանք, թե ինչու այս ամենը չդարձնենք երթևեկելու հիմնական տարբերակ: Ի վերջո, այսօր էլ ամեն օր տեսնում ենք, որ կանգառներում տրանստպորտի սպասող բազմաթիվ մարդիկ կան: Նույն մարզերից եկած ուսանողների համար սա շատ հարմար տարբերակ կարող է լինել, որովհետև այս դեպքում երթևեկելու համար նախատեսված գումարը կկիսվի»,-Asekose.am-ի հետ զրույցում նշեց է Share4car-ի տնօրեն Միքայել Գալստյանը:
Վերջինս նաև մանրամասնեց, թե ինչպես պետք է գրանցվել այս համակարգում.
«Մեքենա ունենալու դեպքում կարող եք գրանցվել մեր համակարգում, ավելացնում եք նոր երթուղի` նշելով, թե որ կետից որ կետ կարող եք տեղափոխել: Կարող եք նաև նշել, թե ինչ հաճախականությամբ դա կանեք, օրինակ`աշխատանքի եք գնում երկուշաբթիից ուրբաթ օրերին: Վերջում նաև ավելացնում եք, թե այդ ամենի դիմաց որքան գումար կցանկանաք վերցնել Ձեզ միացող մարդուց կամ մարդկանցից: Գումարի սահմանափակում կա դրված, այսինքն` չեք կարող շատ մեծ գումար վերցնել, թեպետ ամեն ինչ կախված է ճանապարհից: Օրինակ` եղել է դեպք, երբ համակարգում գրանցված մարդը Գյումրի տանելու համար 1000 դրամ է վերցրել: Նշեմ, որ մեր համակարգը գործում է Երևանում, մարզերում, ինչպես նաև` Թբիլիսում, որի դեպքում շատ ավելի մատչելի է ստացվում»:
Հավելենք, որ Share4car-ը ընկերությունը նաև վստահեցնում է, որ իրենք նաև պատասխանատու են անվտանգության համար, այսինքն` նախքան համակարգում գրանցվելը կատարում են ճշտումներ և ստուգումներ` հետագայում խնդիրներից խուսափելու համար:
Հեղինակ` Լիլիթ Հակոբյան