«Վարդան Ղուկասյանն ուղիղ ազդում է Հայաստանի ներքին կյանքի վրա, կարողանում է գրավել մարդկանց միտքն ու սիրտը»․ Տիգրան Խաչատրյան
Ավելի վաղ, Տիգրան Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր․
«Դոգ (Դոկ) կամ Վարդան Ղուկասյան` մարդ, ում կանդրադառնամ` որպես գործող վարչապետին հավանական փոխարինող այլընտրանք, որին տեսնում են մեր հասարակության մեջ (ես չէ, հասարակության մեջ)։ Ոմանք նրան համարում են Փաշինյանին իրական միակ այլընտրանք, ոմանք էլ հենց միայն նրա հայհոյանքների համար ատում են նրան։ Ով չգիտի, ասեմ, որ Դոգը ուղիղ ազդում է Հայաստանի ներքին կյանքի վրա ու հեռուներից նա կարողանում է անգամ շատերի ճակատագիր որոշել։
Նա կարողացավ Երևանի ավագանու ընտրություններում որոշիչ դեր խաղալ, ու նա շատ ավելի որոշիչ դեր է խաղալու խորհրդարանական ընտրություններում, համենայն դեպս խորհրդարան անցնելու մեծ հնարավորություն ունի, որով կարող է ազդել նոր իշխանության ձևավորման վրա։ Ես նրա ու մնացածի մասին խոսելու եմ չեզոք դիրքերից, փորձելու եմ ներկայացնել, թե մարդիկ ինչ աշխարհայացք, արժեհամակարգ ունեն և ինչ են խոստանում անել։
Անկախ նրա հանդեպ բոլորի լավ կամ վատ վերաբերմունքից` ես նրան համարում եմ հայ ազգի ցասում, այդ ցասման մարմնավորում, որին պետք է լուրջ, շատ լուրջ վերաբերվել ու հասկանալ, թե ինչու է նա ի հայտ եկել մեր քաղաքական կյանքում։ Նա միայն անհատ չէ, նա երևույթ է։ Ինչպես Սերժ Սարգսյանի կառավարումից ծնվեց Նիկոլ Փաշինյան քաղաքական կերպարը, այնպես էլ Փաշինյանի կառավարումից ծնվել է Դոգը։ Նա ռադիկալ, ծայրահեղական քաղաքական ուժ է գենեռացնում, որը անտեսելը թանկ է նստելու բոլորիս վրա։
Ինչպես խոստացել էի նախորդ տեսանյութում` ես սկսելու եմ Փաշինյանին հնարավոր փոխարինողների մասին ավելի շատ խոսել, քանի որ Փաշինյանի հարցը պարզ է, նրա մասին շատ ենք խոսել, նա պետք է հեռանա, նա իր իսկ լեզվով ասած բոլորիս «զահլեն» տարել է։ Մենք պետք է հասկանանք, թե ով է նրան իրական մարտահրավեր նետել ու կարողացել համոզել մարդկանց, որ ինքը պետք է լինի Հայաստանի նոր ղեկավար։
Փաշինյանից ամեն ինչ պարզ է, նա ձախողել է ամեն ինչ ու Հայաստանը դարձրել ոչ միայն պարտված, այլև անդադար պարտվող, արհամարհված ու անարժանապատիվ երկիր։ Նրա ոչ մի խոստում կյանքի չի կոչվել, նա արել է ուղիղ հակառակը, ինչ խոստացել է։ Հիմա գլխավոր հարցն այն է, թե նրան ով պետք է ու կարող է փոխարինել։ Հայաստանը արդյոք կունենա ավելի լավ, թե գուցե շատ ավելի վատ հեռանկար»։