Armtimes.com-ը գրում է. Ադրբեջանն այս գիշեր կիրառել է նաեւ «Սմերչ»: Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանից հետաքրքրվել են, թե արդյո՞ք այդ զենքի կիրառումից բնակավայրեր կամ մարդիկ տուժել են:
-Պարոն Բաբայան, համացանցում տեղեկություններ կան, որ մեր զինվորները այս գիշերվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական սահմանը վերադարձրել են ապրիլի 1-ի դրությամբ եղած նախնական վիճակին: Դուք ունե՞ք այդպիսի տեղեկություն:
-Ես խնդրում եմ, դուք օգտվեք այն տեղեկատվությունից, որը տարածում է Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը: Կարող եմ ասել, որ թշնամին փորձ է կատարել մի շարք տեղերում անցնել առաջխաղացման, բայց ձախողվել են նրա փորձերը: Կրկին տվել է կորուստներ եւ չի հասել նպատակին:
- Այս գիշեր նաեւ «Սմերչ» է կիրառվել: Կա՞ն վնասված բնակավայրեր:
- Ինչքան գիտեմ՝ կիրառվել է սահմանամերձ շրջաններում, բայց ավերածությունների եւ կորուստների մասին տեղեկություններ չունենք: Կարելի է ասել, որ չկան այդպիսի կորուստներ: Մարդկային կորուստներ չունենք:
- Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն այսօր կրկին սպառնացել է հրթիռային հարված հասցնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտին։ Երեկ եւս եղել էր նման սպառնալիք: Ստեփանակերտը պաշտոնապես արձագանքելո՞ւ է այս սպառնալիքներին:
- Ադրբեջանն ահաբեկչական պետություն է, բոլորս գիտենք: Կարծում եմ նման հայտարարություններից հետո Ադրբեջանի ղեկավարությանը անմիջապես պետք է մտցնել ահաբեկիչների ցուցակի մեջ, որովհետեւ սա ոչ այլ ինչ է, քան ահաբեկչության մասին հայտարարություն եւ մոլագարություն: Ուրիշ կերպ հնարավոր չէ բացատրել: Մենք տեսել ենք ինչ է ռմբակոծությունը, բայց Բաքուն չի տեսել: Այդ մասին պետք է հիշի նաեւ ադրբեջանական կողմը:
- Երեկ հայտարարեցիք, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներ են կռվում Ադրբեջանի զինվորների շարքերում: Այս տեղեկատվությունը հաստատող փաստեր կա՞ն:
- Մենք ունենք հիմքեր այդպիսի կարծիք հայտնելու, որովհետեւ բախումների ժամանակ մեր զինվորները առերեսվել են այնպիսի մարդկանց հետ, որոնք խոսում էին արաբերեն, թուրքերեն եւ որոնց զգեստը տարբերվում էր: Հիմք ունենք պնդելու, որ այդ ահաբեկիչներն այստեղ են: Ավելին՝ կան որոշ տեղեկություններ, որ քանի որ Արցախի սահմանամերձ ադրբեջանական շրջաններում բնակչությունը գրեթե դատարկված է, փախել են պարզապես՝ լքելով իրենց տարածքները, այդ գրոհայինները այնտեղ մասսայական թալան են իրականացնում եւ կային նաեւ բախումներ այնտեղ մնացած բնակչության հետ, բռնաբարության դեպքեր, սպանության դեպքեր եւ այլն: Եվ սա բնական է, որովհետեւ ահաբեկիչները եւ վարձկանները ոչ օրենքի, ոչ բարոյական նորմերի հանդեպ հարգանք չունեն, նրանք զուրկ են այդպիսի բարոյական նորմերից: Մանավանդ որ Ադրբեջանը ղարաբաղա-ադրբեջանական առաջին պատերազմի ժամանակ օգտագործել է բազմաթիվ վարձկաններ եւ ահաբեկիչներ՝ «գորշ գայլերի», աֆղանական մոջահեդների, չեչեն գրոհայինների, արաբական աշխարհի, Ալ Քաիդայի գրոհայինների: Դա այն է, ինչ մենք տեսել ենք:
- Փորձելո՞ւ եք իրավական գնահատական տալ խնդրին:
- Իհարկե տրվելու է: Կարծում եմ միջազգային հանրությունը պետք է արձագանքի: Հիմա, երբ Ադրբեջանը այդպիսի դիվերսիոն ահաբեկչական գործողություններ է կատարում, արդեն իսկ պետք է արձագանք լինի: Ինչը չկա դեռ:
- Չգիտեմ: Մենք տեսնում ենք, որ կան որոշակի տեղաշարժեր...ՌԴ նախագահը, Ֆրանսիայի նախագահը, ԱՄՆ պետքարտուղարը, փոխնախագահը, Պետդեպարտամենտը, ԱՄՆ մի շարք այլ կազմակերպություններ եւ գործիչներ համապատասխան հայտարարություններով հանդես են եկել: Այսօր ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն են հանդիպելու եւ քննարկելու այդ հարցերը:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում