▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Վահե Ղազարյանը վախեցե՞լ ա՝ գա», «մատդ ծալի»․ լարված իրավիճակ՝ ԱԺ-ում

ՆԳ նախարար Վահե Ղազարյանն ԱԺ չեկավ. փոխնախարար Սարգսյանն է մասնակցում բյուջեի քննարկմանը։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն ասաց․ «Օրակարգում գրած ա՝ ՆԳ նախարար Վահե Ղազարյան, ինչո՞ւ դահլիճում չէ, վախեցե՞լ ա՝ գա»։ «Ձեր պարտականությունն է՝ ապահովել նախարարի ներկայությունը»,- շարունակեց նույն խմբակցությունից Աղվան Վարդանյանը՝ դիմելով ՔՊ-ական Անդրանիկ Քոչարյանին։ Իրարանցում սկսվեց։ Քոչարյանն ասաց՝ դո՛ւք ձեր պարտականությունները լավ չգիտեք, Վարդանյանն արձագանքեց՝ «մատդ ծալի»։ «Մատդ․․․»,- պատասխանեց Քոչարյանը։

Տեսանյութը՝ Անի Գևորգյանի ֆեյսբուքյան էջից

***

«Ոստիկանության զինանշանի վրա գրված է «ծառայում ենք օրենքին և ժողովրդին», ձեր ղեկավարած համակարգն այսօր ոչ օրենքին է ծառայում, ոչ՝ ժողովրդին»,- Բյուջե-2023 կատարողականի քննարկման ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը հեռակա կարգով դիմեց ՆԳ նախարար Վահե Ղազարյանին։ «Կամ փոխեք զինանշանը և գրեք «ծառայում ենք մի մարդու» կամ վերադարձեք ձեր կոչմանը։ Ձեզ դարձնում են հանցագործի հանցակից, պարոն Ղազարյան, հրաժարվեք հակապետական վարքագծից, ափսոս եք, հրաժարական տվեք»,-ասաց պատգամավորը։

***

«Այսօր մենք թույլ չտվեցիք, որ ՆԳ նախարարը գնա ԱԺ, և երբ ուզենաք՝ այսպես եք վարվելու»,- ՆԳՆ շենքի մոտ հավաքվածներին ասաց Բագրատ Սրբազանը։
Հիշեցնենք, որ շարժման մասնակիցները արգելափակել էին ՆԳՆ շենքի մուտքը, ինչի պատճառով նախարար Վահե Ղազարյանը չկարողացավ գնալ ԱԺ։ Վահե Ղազարյանը նաև հանդիպման չեկավ Բագրատ Սրբազանի հետ։

***

«Այսօր՝ ժամը 19․00-ին, սուրբ Աննա Եկեղեցու բակում կամփոփենք օրվա արդյունքները»,- հայտարարեց Բագրատ Սրբազանը: Նա նաև հայտնել էր, որ վաղվա անելիքների մասին ոչ թե այսօր, այլ վաղն է խոսելու։

***

«Էն Վահե Ղազարյանը, որին ես ճանաչում էի, այսօր մեռավ։ Տղամարդկություն չունեցար, ի՞նչ ասեմ, լավ մնա»,- խոսքն ուղղելով ՆԳ նախարարին՝ ասաց Բագրատ Սրբազանը։ Նա և շարժման մասնակիցները վերադարձան Սուրբ Աննա եկեղեցու բակ։

***

«Եթե Վահե Ղազարյանը հանդիպման չգա, ապա մեր կողմից կթիրախավորվեն այն ոստիկանները, որոնք խուլիգանական պահվածք են ցուցաբերել կամ կցուցաբերեն։ Բոլոր մասնագետներին, փորձագետներին խնդրում եմ՝ էդ բորենի-ոստիկանների նկարները և տվյալները՝ անուն առ անուն, հրապարակել։ Ոստիկանության վրա այսպիսի հանրային վերահսկողություն պետք է սահմանենք, նմանները պետք է թիրախավորվեն»,- ասաց Բագրատ Սրբազանը՝ մատնանշելով Վեհափառի դիմացը փակած, զոհվածների ծնողներին ծեծած ոստիկաններին։

***

Բյուջե-2023-ի կատարողականի քննարկման ժամանակ ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը Ֆինանսների նախարարից հետաքրքրվեց՝ «մեկ մարդու վախերի համար ՆԳՆ-ն որքա՞ն գումար է ծախսում, որ ոստիկաններին մարզերից բերի Երևան»։ Վահե Հովհաննիսյանն այսպես պատասխանեց․ «Ոստիկանության տեղաշարժերի ու գործողությունների համար կա պետական պահպանության ծառայության կազմակերպում ու իրականացում միջոցառումը, որի համար ծախսվել է ավելի քան 8 մլրդ դրամ և հասարական կարգի պահպանություն, անվտանգություն, ապահովում՝ ավելի քան 7 մլրդ դրամ»։ Պատգամավորն արձանագրեց․ «Իրականում էդ սիրուն բառերի տակ 15 մլրդ դրամ է»։

***

«Շնորհակալություն Ներքին գործերի նախարարության սրբազան ծառայության համար»,- Բյուջե-2023-ի կատարողականի քննարկման ժամանակ, ՆԳ փոխնախարարի ելույթից հետո, ասաց ՔՊ-ական Անդրանիկ Քոչարյանը։ «Եթե սրբազան շարժում է, ուրեմն ձեր ծառայությունը․․․»,- խոսքն ընդհատելով ու անդրադառնալով դահլիճից ընդդիմադիրների արձագանքներին, ասաց․ «Կարող եք խաչակնքվել»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее