Օրեր առաջ Asekose.am-ի ընթերցողներից մեկը տեղեկություն է հայտնել այն մասին, որ Հայաստանում մեծ հեղինակություն է ձեռք բերում Univerteam Armenia կազմակերպությունը, որը, սակայն, մարդկանցից մեծ գումարներ է շորթում՝ խոստանալով մեծ շահույթ: Մեր ընթերցողը նշել էր, որ ճանաչում է շատերի, ովքեր վարկեր են վերցնում, որպեսզի կարողանան համապատասխան գումար փոխանցել այս կազմակերպության հաշվին՝ հույս ունենալով, որ մեծ գումարներ կաշխատեն: Ըստ մեր ընթերցողի տրամադրած տեղեկության՝ Հայաստանում այս ճանապարհով խաբված մարդկանց թիվն անցնում է 300-ից:
Ուսումնասիրելով այս կազմակերպության մասին համացանցում եղած տեղեկությունը, պարզ դարձավ, որ այն գրանցված է Հոնկոնգում և առաջնորդվում է «Լավագույն ինտերնետ բիզնեսը այն մարդկանց համար, ովքեր ցանկանում են վաստակել մեծ գումարներ» կարգախոսով:
Asekose.am-ը փորձեց կապ հաստատել կազմակերպության անդամների կամ ղեկավարի հետ, սակայն ապարդյուն: Կազմակերպության անդամներից մեկը, լսելով, որ իրեն զանգահարել են Asekose.am ինտերնետային լրատվական կայքից վերոնշյալ հարցի հետ կապված, ասաց, որ ինքը չի կարող պատասխանել մեր հարցերին, նման իրավասություն չունի, քանի որ պարզապես կազմակերպության անդամներից մեկն է: Վերջինիս հետ զրույցից պարզ դարձավ, որ կազմակերպությունը Հայաստանում չունի ղեկավար, ինչն արդեն իսկ անվստահություն է ներշնչում տվյալ կազմակերպության նկատմամբ: Նա Asekose.am-ին փոխանցեց մեկ այլ անձի հեռախոսահամար, որ կկարողանա պատասխանել մեր հարցերին, սակայն մեզ այդպես էչ չհաջողվեց կապ հաստատել նրա հետ, ինչից հետո նախորդ զրուցակիցն այլևս չէր պատասխանում մեր հեռախոսազանգերին:
Ի՞նչ է սա նշանակում. Հայաստանում գործում է մի կազմակերպություն, որը ղեկավար չունի, որի անդամները չեն կարողանում պատասխանել այն հարցին, թե ինչով է զբաղված իրենց կազմակերպությունը, ինչն է մեր ընթերցողների բողոքի առիթ դարձել, ինչ գումարների մասին է խոսքը:
Արդյո՞ք սա ապացուցում է այն, որ մեր ընթերցողների տրամադրած տեղեկատվությունը լիովին համապատասխանում է իրականությանը, արդյո՞ք սա մարդկանց հերթական անգամ մեծ գումարների անուն տալով խաբելու ու նրանցից գումար շորթելու միջոց է:
Asekose.am-ը պատրաստ է հարթակ տրամադրել հակառակ կողմին: