Արվեստի հեղինակավոր «Grolla d'Oro» միջազգային արդեն 44-րդ մրցանակաբաշխությունը տեղի ունեցավ 2023թ֊ի նոյեմբերին։ Իսկ գեղանկարչության, քանդակի և լուսանկարչության անվանակարգերում հաղթող ճանաչված 3 արվեստագետների ցուցահանդեսը մարտի 12֊ին բացվեց իտալական Տրևիզո քաղաքի կենտրոնում գտնվող SPAZIO֊5 ցուցասրահում և կգործի մինչև 2024 թվականի մարտի 24-ը։
Հիշեցնենք, որ գեղանկարչություն անվանակարգում առաջին մրցանակին արժանացավ Antikyan Gallery-ի արվեստագետ, ՀՀ վաստակավոր նկարիչ Արարատ Սարգսյանը՝ «Որտեղ փնտրել դրախտը» նախագծով։
Grolla d'Oro արվեստի հեղինակավոր այս ստուգատեսը հիմնադրվել է 1960-ականներին՝ գրող Ջովանի Կոմիսոյի և գեղանկարիչ Լուչիանո Գասպերի կողմից, և այսօր էլ շարունակում է մնալ հղման կետ աշխարհի արվեստագետների համար՝ ներկայացնելով ավելի քան 170 երկրների արվեստագետների յուրահատուկ հայացքը արվեստի միջավայրին ու ժամանակակից արվեստագետին հուզող խնդիրներին։
Արարատ Սարգսյանը գեղանկարչության բաժնում առաջին մրցանակն է ստացել իր «Դրախտի քարտեզը» աշխատանքով , որն իտալացիները անվանեցին գլուխգործոց, ընդգծելով , որ այն հմայում է իր կոնցեպտուալ ուշագրավ շերտերով և տեխնիկական վարպետությամբ։
Արվեստի հանդեպ իտալացիների վերաբերմունքն, առհասարակ, ապշեցնող է ։
Մրցանակաբաշխությունը կարևոր է նաև ամբողջ Վենետոյի մարզի պետական կառույցների համար․ որպես մշակութային կամուրջ այն յուրաքանչյուր տարի ընդլայնում է իր աշխարհագրությունը։
Ուրախալի է արձանագրել , որ այս տարի մեր ցուցասրահը ևս ընդգրկվեց արվեստի այս ինքնատիպ ընտանիքում քանդակագործ Գևորգ Թադևոսյանի և գեղանկարիչ Արարատ Սարգսյանի աշխատանքներով (համադրողներ` Արմինե Անտիկյան և Արևիկ Գրիգորյան)։
Հրատարակվել է մեծ պատկերագիրք , որի շնորհանդեսը ևս մարտի 12֊ին էր՝ Տրևիզոյի սրտում ` SPAZIO-5 ցուցասրահում ։
«Մեր մասնակցության և միջոցառման բարձրակարգ կազմակերպման համար շնորհակալ ենք Տրևիզոյի մեր հայրենակից Գայանե Սահակյանին և Grolla d'Oro-ի ընդհանուր համադրող Մասիմո Զանտային»,-նշում են Անտիկյան ցուցասրահից։