Հանրայինի «կրեածիվ»-շիկ շեֆերը Հեռուստատեսության և Ռադիոյի ՝ համապատասխանաբար 60/90 հոբելյանների առիթով որոշել են 60/90/60 «տեսք» տալ իրենց ղեկավարած կառույցների վարչական շենքերին:
Սովորաբար, այդպես է... երբ ներսում բովանդակության առումով խելքդ չի հասնում որակական փոփոխություններ կատարել, զարկ ես տալիս առևտրական ոգուդ ու դրսից կոսմետիկ նորոգում ես անում, մարդկանց ու հատկապես քեզ նշանակողի աչքին թոզ փչելով, թե բա տեսեք՝ ինչեր ենք արել...
Մի խոսքով՝ «բոնբոներկա», որի պարունակությունը սակայն որդնած է...
Վերջերս Սերժ Սարգսյանին Ալեք Մանուկյան-5 հրավիրած ու Ռադիոյի շենքի պատերին իր նկարած «թիթեռնիկներ» ցուցադրած Ռուբեն Ջաղինյանը/ Հանրային հեռուստառադիոընկերության խորհդի նախագահ/ լավ կաներ ներկայացներ ռադիոտան աշխատակիցների սենյակներն ու աշխատանքային պայմանները. այստեղ, ի տարբերություն դրսի, 1990-ականներն են՝ ոչինչ չի փոխվել, նույն պատերն են, նույն հատակը, նույն կահույքը...
Ու Սերժ Սարգսյանը, գուցե , ասեր, «Ռուբիկ ջան, ախր սիրուն չի...»:
Ի տարբերություն Երևանի կենտրոնում գտնվող Ռադիոտան շենքի, Նորքի բարձունքում տեղակայված Հեռուստատեսության շենքի տարածք մտնողը ոչինչ չի հիշի անցյալից...
Տարածքն արդեն մի քանի տարի շինհրապարակի է վերածվել, հիմնովին քանդել են մեկ շենք, բացի այդ՝ ըստ մեզ ահազանգած հեռուստատեսության աշխատակիցների՝ տրակտորները փորել են հեռուստատեսության գլխավոր ՝ ճարտարապետական օրիգինալությամբ ու «գառնիատիպ» հստակ սյուներով շենքի տակը:
Հեռուստատեսության աշխատակիցները հումոր են անում՝ «Հ1-ի շեֆերը թուղթ ու գիր են փնտրում...»:
Կատակը՝ կատակ, սակայն մեր հարկերից ու պետբուջեից վճարվող գումարները, որ տրվում են Հ1-ին, ինչու են ծախսվում «ռեմոնտի» վրա, այլ ոչ մեզ՝ ՀՀ քաղաքացիներից նորմալ հաղորդումներ և ինֆորմացիա տրամադրելուն ուղղված աշխատանքի նպատակով:
Միայն նշենք, որ ՀՀ 2014, 2015 և 2016 թվականների պետական բյուջեներով Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության գծով նախատեսված ծախսային ծրագրերի ֆինանսավորման ընդհանուր գումարը կազմել է - 14,423,373,8 հազար դրամ:
Ես, իմիջայլոց, կողմ կլինեի, որ այդ գումարն ուղղվեր սահմանամերձ գյուղերի զարգացմանը, գոնե՝ արդյունքը կերևար ու մնայուն կլիներ...
Ի դեպ, Հանրային հեռուստատեսության անմիջական ղեկավարը՝ Մարգարիտ Գրիգորյանը, ով հայտնի է մի քանի պատմություններով, «ստեղծագործական աշխատանքի» փոխարեն ամիսներով հետևում է տրակտորիստների ու շինարարների աշխատանքին:
Պատահական չէ, որ ըստ ասեկոսեների, հեռուստատեսության աշխատակիցները նրան, միմյանց հետ զրույցում, «պրառաբ Մարգո» են ասում:
Իրականում, իշխանություններն էլ գիտեն, որ Հ1-ը, որ ժամանակին իր քարոզչության լուրջ միջոցն էր, այսօր այլևս դերակատարություն չունի, քանի որ մարդիկ վաղուց ոչ հավատում, ոչ վստահում, ոչ էլ նայում են Հանրային ալիքը...
Այնպես որ, Հ1-ի առումով, իշխանությունները թող հետևություններ անեն, մեր՝ լրագրողներիս գործը փաստերը միայն արձանագրելն է...
Երբեմն նաև ցավով...
Հեղինակ՝
Ա.Գրիգորյան