Դրամատուրգ, սցենարիստ, երգահան Քրիստ Մանարյանն Արցախում է: Asekose.am-ի հետ զրույցում Քրիստ Մանարյանը նշեց, որ նույնիսկ չի կարող հստակեցնել, թե որքան ժամանակ է, ինչ Արցախում է, որովհետև իրենք այնտեղ լիովին այլ ռեժիմի մեջ են, փոխարենը խնդրեց բառացի փոխանցել իր խոսքը, ինչը ներկայացնում ենք ստորև.
«Մենք գտնվում ենք Արցախում, սակայն մեր տեղը կոնկրետ ասել չեմ կարող, բայց երկու բառով մանրամասնեմ: Գտնվում ենք առաջին գծի երկրորդ շարքում, այսինքն՝ առաջին ռեզերվում: Ցանկացած պահի պատրաստ ենք կատարելու ցանկացած մարտական առաջադրանք՝ հենց առաջին գծում, որովհետև ինչ պայմանագիր էլ կնքվի՝ հաշտության, խաղաղության (եթե կնքվի), առանձնապես հույս չենք տածում դրա հանդեպ, որովհետև թուրքը մնում է թուրք: Մեր առաքելության ժամկետը նույնպես նշել չեմ կարող: Զբաղված ենք ինտենսիվ, մարտական պատրաստականության կատարելագործմամբ: Այստեղ մարդիկ են, ովքեր պատվով անցել են արցախյան գոյամարտը և ստիպված կրկին զենք են վերցրել՝ հայրենիքը կրկին պաշտպանելու: Մեր շարքերում կան նաև կանայք. մեր դեպքում խոսքը կոնկրետ գնում է ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ԲԱՆԱԿԻ մասին՝ Աշոտ Աղաբաբյանի հրամանատարությամբ, որն էլ մտնում է Արթուր Ալեքսանյանի գլխավորությամբ գործող «Ամարաս» հատուկ գումարտակի մեջ: Մեր տղաները լավ են, կարևորը կա խիստ կարգապահություն, կարգ ու կանոն: Բոլորիս համար պատգամ է Նժդեհի՝«Ուզում ես խաղաղություն, պատրաստվիր պատերազմի»: Հիացած ենք մեր երիտասարդ հերոսների գործած սխրանքներով, որոնց չկարողացան կոտրել հնչեղ անուններով տարբեր երկրների գրոհայինները: Հիմա գտնվում ենք մեր առյուծների, ավելի ճիշտ՝ մեր կորյունների կողքին: Անձամբ ես այս օրերին միայն մեկ մեծ երազանք ունեմ՝ տեսնել մեծ միացյալ Հայք: Պատիվ ունեմ ծառայելու հայրենիքիս իմ երկար տարիների լավագույն ընկերներ, արվեստագետներ Սարգիս Միքայելյանի և Արեգ Նազարյանի հետ:
Հեղինակ՝ Լիլիթ Հակոբյան