▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թուրքական ԶԼՄ-ները՝ Հռոմի պապի այցի մասին

Թուրքական մի շարք պարբերականներ ու լրատվամիջոցներ անդրադարձել են Հռոմի Ֆրանցիսկոս Պապի՝ Հայաստան կատարած այցին։ Պապի ելույթը, որում նա 1915 թվականին Օսմանյան կայսրության տարածքում հայերի նկատմամբ տեղի ունեցածը ցեղասպանություն էր կոչել, հայտնվել է թուրքական գրեթե բոլոր լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում:

Թուրքական Demokrat Haber կայքը նյութի վերնագրում մեջբերել է Ֆրանցիսկոս պապի խոսքերը՝ «Ցեղասպանությունն անցյալ դարի աղետների սկիզբը դարձավ»: Նյութի մեջ նշվում էր, որ Հռոմի պապը Հայաստան այցի ընթացքում նախագահական նստավայրում ունեցած իր ելույթում հայերի նկատմամբ 1915-ին տեղի ունեցածը բնութագրել է որպես «ցեղասպանություն»: 

Պարբերականը հիշեցնում է, որ Պապը նույն խոսքերն արտասանել էր նաև անցյալ տարի՝ Վատիկանում հայ զոհերի հիշատակին նվիրված պատարագի ժամանակ: Դրանից հետո նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննադատել էր նրան:

Haber 7 կայքը «Հռոմի պապը Հայաստանում մտափոխվեց» վերնագրով հոդվածում գրել էր, որ Ֆրանցիսկոս պապը 1915-ի դեպքերը դարձյալ որպես ցեղասպանություն է ներկայացրել՝ չնայած այցից առաջ հղած ուղերձում «Մեծ եղեռն» էր ասել:

Sabah թերթը նույնպես գրել էր, որ Պապի ելույթի գրավոր տարբերակում «ցեղասպանություն» բառը չի եղել: Պարբերականը Հռոմի պապի խոսքերը «սկանդալային» է որակել ու հիշեցրել, որ անցյալ տարի Հռոմի պապի ելույթի պատճառով Վատիկանում Թուրքիայի դեսպանը հետ էր կանչվել և պաշտոնին վերադարձել էր միայն այս տարվա փետրվարին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее