▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տոլմայի փառատոն Թբիլիսիում

Հունիսի 30-ին, Վիրահայոց թեմի Թբիլիսիի Սբ. Էջմիածին եկեղեցու բակում կայացավ ազգային կերակրատեսակի՝ «Տոլմա-2013» փառատոն-մրցույթը: Այն նախաձեռնել էր Վրաստանի հայ կանանց «Շուշանիկ» միությունը «Հայարտուն» կենտրոնի աջակցությամբ և Վիրահայոց թեմի հովանավորությամբ: Ախորժալի տոլմայի բուրմունքը տարածվել էր ողջ Հավլաբար թաղամասում: Սեղաններին տեղ էին գտել հայ տիկնանց կողմից տանը պատրաստված տոլմայի շուրջ 15 տարատեսակներ: Փառատոն-մրցույթի նպատակն է ազգային կերակրատեսակների ժողովրդականացումը և տարածումը: Վիրահայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի օրհնությունից հետո Վրաստանի հայ կանանց «Շուշանիկ» միության նախագահ Սուսաննա Խաչատրյանը փառատոնը հայտարարեց բացված: Ու կողքից հնչեց հայկական ուրախ երգն ու երաժշտությունը, իսկ փառատոնի եկած բազմաթիվ հյուրերը, որոնց շրջանում էին ինչպես հայեր, այնպես էլ վրացիներ, ռուսներ,եզդիներ, գերմանացիներ, հրեաներ, ամերիկացիներ, տեղացիներ և ժամանած հյուրեր, համտեսելով հայկական տոլման, բարձր գնահատեցին այս ազգային կերակրատեսակը: Մինչ տարածվում էր ուրախ երգն ու երաժշտությունը, իսկ մարդիկ համտեսում էին հայկական տոլման, հարգարժան մրցատյանը՝ Վիրահայոց թեմի ֆինանսական տնօրեն Մարգարիտա Կիրակոսյանի նախագահությամբ, իր գնահատականն էր տալիս տոլմայի տարբեր տեսակներին, մրցույթի հաղթողին որոշելու համար: Գնահատվում էր տոլմայի համային հատկությունը, գեղեցիկ տեսքը և հետաքրքիր մտահղացումը: Մրցույթի բոլոր մասնակիցները փառատոնին մասնակցության համար ստացան շնորհակալագրեր, իսկ առաջին, երկրորդ, երրորդ մրցանակներին արժանացած Հռիփսիմե Անդրեասյանը, Ալինա Ալիխանովան և Իննեսա Սարուխանյանը պարգևատրվեցին նաև հուշանվերներով: Հատկանշական է, որ 2013 թվականը Վիրահայոց թեմում նշանավորվեց Սուրբծննդյան տոնի կապակցությամբ հայկական գաթայի փառատոնով, իսկ կիսամյակը ավարտվեց ազգային տոլմայի փառատոն-մրցույթով: «Տոլմա-2013» փառատոն-մրցույթը լայնորեն լուսաբանվեց վրացական զանգվածային լրատվության համարյա բոլոր միջոցներով:

 

Փառատոնի լուսանկարները ԴԻՏԵՔ ԱՅՍՏԵՂ, իսկ ստորև ծանոթացեք վրացական ու հայկական հեռուստաընկերությունների անդրադարձերին:

 

Վրաստանի հանրային հեռուստատեսություն

Ինֆո 9

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее