Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի թափուր տեղի համար Սերժ Սարգսյանի ընդունելի թեկնածուն Տիգրան Հակոբյանն է:
Նա ժամանակին հանդիսացել է Հեռուստառադիոպետկոմի և Արմենպրես գործակալության նախկին նախագահ ու տնօրենը, ինչպես նաև Հայք թերթի խմբագիրը։
Մինչ օրս Տիգրան Հակոբյանը 21tv-ի գործադիր տնօրենն է:
Նշենք, որ Տիգրան Հակոբյանն արդեն հանդիպումներ է ունենում ԱԺ խմբակցությունների հետ՝ քննարկելով հեռուստատեսության, ռադիոյի և առհասարակ մեդիա դաշտի հետ կապված հարցեր:
Տիգրան Հակոբյանը 2013-ի ապրիլին դատարանի որոշմամբ երկու տարվա ազատազրկման էր ենթարկվել, սակայն համաներմամբ ազատվել էր պատժի կրումից։
Նախաքննական մարմինը Հակոբյանին մեղադրանք էր առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է` առեւտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից իրենց կարգադրիչ կամ այլ լիազորություններն այդ կազմակերպության շահերին հակառակ եւ իր կամ ուրիշ անձանց օգտին օգտագործելու կամ առավելություններ ձեռք բերելու կամ այլ անձանց վնաս պատճառելու նպատակով օգտագործելը, եթե անձանց, կազմակերպությունների կամ պետության իրավունքներին ու օրինական շահերին ծանր հետեւանքներով վնաս է պատճառվել:
Վնասը հասցվել էր «Ագրոհոլդինգ» ՍՊԸ-ին այն ժամանակ, երբ Հակոբյանը զբաղեցնում էր ընկերության տնօրենի պաշտոնը. դատարանի կողմից գումարի փոխհատուցում չէր նշանակվել: