Ազգային ժողովն այսօր` դեկտեմբերի 16-ին, երկրորդ ընթերցմամբ ընդունեց «Գնումների մասին» օրենքի նախագիծը:
Մինչեւ քվեարկությունը Արամ Մանուկյանը հայտարարեց, որ օրենքների արագ բերելու պատճառով իրենք չեն հասցնում նորմալ ծանոթանալ նախագծերին:
«Խնդրում եմ ճշտել, ըստ մամուլի տեղեկատվության, այս օրենքի նախագծով Ազգային ժողովի նախագահի, վարչապետի և նախագահի վարչական ծախսերը դառնում են պետական գաղտնիք և չեն լինելու թափանցիկ: Եթե մենք սխալ ենք հասկացել, որևէ մեկը թող ճշտի»,- ասաց ՀԱԿ պատգամավորը:
Ազգային ժողովի նախագահը խոստովանեց.«Ճիշտն ասած` ես դրանից տեղեկություններ չունեմ, այսօր թերթում եմ կարդացել: Նման բան Ազգային ժողովի համար չկա ու չկա »
Գալուստ Սահակյանը պատասխանը ծիծաղ առաջացրեց դահլիճում: ՀՀԿ-ական Վարդան Այվազյանը պարզաբանեց. փակ է լինելու միայն արարողակարգի գնումները:
«Եթե մամուլին հավատում եք, հավատացեք նաեւ օրենքին: Մեկ ամիս է` կա այս նախագիծը, արդեն երրորդ ընթերցում ենք գնում, զուտ արարողակարգի մասին է, թե որ ռեստորանում է պետք հաց ուտել...»,- ասաց Վարդան Այվազյանը:
Ներկա պատգամավորները սկսեցին տեղից աղմկել, ԱԺ նախագահը հանգստացրեց. ինքն այդ մասին խոստանում է տեղյակ պահել. «Ես որևէ բան չեմ տեսնում»: