Սուրբ օր է այսօր, սուրբ Աստվածածնա օրն է... Հայոց աշխարհում խաղողօրհնեք է՝ կյանքի ու հավերժության խորհրդանիշ հանդիսացող խաղողի մեծարման օր...
Ու այս հրաշք օրվա մեջ չես ուզում այլ երանգներ բերել, մտատանջություններ ու տագնապներ բերել... Բայց ինչպե՞ս չբերես, ինչպե՞ս ձև անես, թե ամեն ինչ լավ է, հրաշալի է, թե ապրում ենք հրաշք երկրում, ուր ներդաշնակությունն է թագավորում... Մենք 1988-ին ազգովի, իբրև եզակի համախումբ, դուրս եկանք հրապարակներ, մեր ըղձալի ապագայի, մեր անկախության, Արցախի ազատագրման համար կռիվ տվեցինք: Ռոմանտիկ էինք, հավատավոր, երազներով տարված... Մենք ստեղծեցինք այդ երազների հայրենիքը, մենք նվաճեցինք բարձրագույն արժեքը՝ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ... Բայց մեր ռոմանտիզմի ու սավառնումների մեջ մխրճվեցին ընչաքաղց, անբարո, իրենց որկորի, իրենց դեգեներատ զավակների շքեղ ապագայի մասին մտածողներ, թալանեցին մեզ ֆիզիկապես և բարոյապես, մեզանից մեր երազները խլեցին, մեզ գլորեցին աղքատության ու անհուսության վիհը ու իրենք իրենց անամոթության խրախճանքները սարքեցին... Հիմա մեր գլխավոր հոգսը հաց հանապազօրյան է, կեցության սրտմաշուկ կռիվն է, մինչդեռ մեր երազները գողացողները հափրանում են, հարստանում...
Տեր, փրկիր մեզ թալանողներից, անկուշտ հարստահարիչներից, անմիտ-եսապաշտ կառավարիչներից, տուր մեզ մեր նվաճած ապահով ապրելու իրավունքը, զորավիգ եղիր այս հնամենի երկրին, որն այսօր կքվել է իր անօրեն, չհագեցող կառավարիչների հյուսած անբարո սադրանքների ծանրության տակ... Տեր, քո Վերափոխման օրը իմաստություն տուր մեր իշխանություններին՝ հասկանալ ու գնահատել պահը և հեռանալ առմիշտ՝ մեզ ազատելով ցավերից, մտահոգություններից, անարժանապատիվ կեցությունից...
Լևոն Մութաֆյանի գրառումը
Ֆեյսբուք