▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տատը վատ է,ի՞նչ խորհուրդ կտաք՝ հոգեհացը կարո՞ղ ենք դրսում տալ.Սուրենյանը`զավեշտալի հաղորդագրությունների մասին

Asekose.am-ի այսօրվա զրուցակիցը ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանն է:

-Գագիկ, Ձեզ հաջողվեց բավական կարճ ժամանակահատվածում հայտնիություն ձեռք բերել, ընդ որում, կարծես թե, ամեն ինչ ինքնըստինքյան ստացվեց: Ձեր անուն-ազգանունը լսելով՝ բոլորը սպասում են եղանակային կանխատեսումների, բավական է Ձեր նկարով նյութը հայտնվի համացանցում և այն դառնում է ամենաընթերցվածը կամ դրանցից մեկը:Ի ՞նչ եք կարծում` ո՞րն էր Ձեր` վերջին շրջանում բավական ճանաչված լինելու պատճառը:

-Դա պայմանավորված է ոչ թե միայն իմ անձով, այլ այն բարոյահոգեբանական մթնոլորտով, որը տիրում է մեր կազմակերպությունում և այն պահանջկոտությամբ և աջակցությամբ, որ ցուցաբերվում է ՏԿԱԻՆ նախարար Ա. Երիցյանի կողմից: Գաղտնիք չէ, որ վերջին տարիներին ամբողջ աշխարհում նոր տեխնոլոգիաների կիրառմամբ պայմանավորված` օդերևութաբանության ոլորտն անընդհատ զարգանում է, կատարելագործվում են կանխատեսումների մեթոդները, ներդրվում են նորագույն գործիքներ և սարքավորումներ՝ դիտարկումների և կանխատեսումների որակը բարձրացնելու համար: Ճանաչված լինելու պատճառը մեկն է` հավատը և վստահությունը իմ աշխատանքի նկատմամբ իմ ժողովրդի կողմից:

-Երբեմն Ձեր ֆեյսբուքյան էջում կիսվում եք այն նամակների լուսանկարներով, որոնք ստանում եք` կապված եղանակի հետ: Շատերն են հավանաբար հարցնում` ինչը երբ անել, որպեսզի եղանակային անակնկալները գործերը չձախողեն: Կփորձե՞ք առանձնացնել ամենատպավորիչներն ու զավեշտալիները: Եղե՞լ են դեպքեր, երբ Ձեզ փորձել են գումար առաջարկել` եղանակային պայմանները բարելավելու համար))))):

1.«Էս Նոր տարվա ձյունդ որ եկավ, պիվա պատիվ տալի՞ս ես»:
2. «Տուրիստների խումբ ենք տանում Գեղամա լեռներ: Ավտոմեքենան մինչև որտե՞ղ կբարձրանա. ձյան ծածկույթը որտեղի՞ց է սկսվում». տուրիստական գործակալությունից։
3. «Գագիկ ջան, էդ ձյան վինտիլները մի երկու ռեզբա ձգի, մեղք ենք»:
4. Մի գեղեցկադեմ աղջիկ Ֆեյսբուքով գրում է. «Պարոն Սուրենյան, ինչով է պայմանավորված դեկտեմբերին նման տաք և չոր եղանակը»։ Պատասխանում եմ՝ անտիցիկլոնով, աղջիկը գրում է՝ «դա ի՞նչ է, ցելոֆա՞ն»:
5. Վերջերս նոյեմբերին մի շատ հետաքրքիր դեպք տեղի ունեցավ: Տատը դեռ չմահացած՝ թոռը հարցնում է. «Տատը վատ է, ի՞նչ խորհուրդ կտաք՝ հոգեհացը կարո՞ղ ենք դրսում տալ»:
6. .«Պարոն Սուրենյան, ձեզ Նորաշենից են անհանգստացնում: Հիմա մեզ մոտ սելավ ա: Ե՞րբ կկտրվի, որպեսզի պապիկին «վերցնենք»:
7. Տոնավաճառի առևտրականները հետաքրքրվում են. «Ե՞րբ ա ցրտելու: Կարա՞նք արդեն սապոգ ու վերարկու հանենք վաճառքի»:
8. Փողոցում՝ վարորդները. «Մեքենաների անվադողերը փոխե՞նք, թե դեռ շուտ է»:
9. Գյուղատնտեսը. «50 հազարի դեղանյութ եմ առել: Պիտի էնպիսի օր ասես՝ սրսկեմ ծառերս, որ անձրևը չգա, լվանա, փողերս կորի»:

10. «Խոտը որ քաղեցինք, անձրևն եկավ, իմացի՝ սաղ փտելու է: Էնպիսի ժամանակահատված ասա, որ գոնե 3 օր անձրև չգա»։
11. Ընկերը. «Կարող ա՞ մեքենաս լվանամ՝ անձրև գա, իզուր 3000 դրամս կորի»:
12. Ֆեյսբուքով անծանոթ մեկը գրել է. «Նոյեմբերի 22-ին հարսանիքս է, պարո՛ն Սուրենյան: Խնդրում եմ ինձ արևային օր նվիրեք»:
13. «Գագիկ ջան, Քոբուլեթիի տոմսը ե՞րբ առնենք, չգնանք՝ հարամվի»:
14. Հիմնականում տատիկները. «Այսօր կարող ա՞ ճնշումս բարձրանա, հո ցիկլոն-միկլոն չի գալիս»:
15. Ֆիլմի ռեժիսորը. «Պարոն Սուրենյան, 400 հազար դրամի տեխնիկա ենք վարձել, եթե տեղումներ եղան, կորած ենք»:

-Նորություն չի լինի, եթե ասեմ, որ այս կամ այն հայտնի մարդու մասին հասարակությունը սիրում է տարբեր պատմություններ հյուսել, նրա հաջողության փաստը կապել այս կամ այն հայտնի մարդու, քաղաքական գործչի հետ բարեկամական կապ ունենալու հետ: Ձեր դեքում նման խոսակցություներ եղե՞լ են:

-Եղանակի կանխատեսման և ընդանրապես օդերևութաբանության և կլիմայագիտության նկատմամբ իմ հետաքրքրությունները սկսվել են շատ վաղ հասակում, մոտավորապես 4-5-րդ  դասարանում: Ես պարզ հիշում եմ, որ երբ ամպրոպ էր լինում, ես ժամերով մտածում էի` ինչից է գալիս այդ որոտի ձայնը, ոնց է առաջանում կայծակը, նայում էի երկնքին, որպեսզի ինձ համար բացահայտեմ, թե որտեղից է սկսվում ամպրոպը և հորիզոնի որ կողմում վերջանում: Երբ 6-րդ դասրանում էի, աշխարհագրության ուսուցչուհուս խնդրեցի, որ ինձ համար օդերևութաբանության գիրք ճարի և նա գտավ այդ գիրքը: Հիշում եմ, թե ինչ հետաքրքրությամբ էի կարդում և յուրացնում ու ամեն օրվա եղանակը գրանցում իմ տետրերում և երբ որոշակի գիտելիքներ ձեռք բերեցի այդ գիտության վերաբերյալ, 7-րդ դասարանում, նախ` իմացա Հայպետհիդրոմետի տեղը, հետո` թաքուն, առանց տանը ասելու, եկա Հիդրոմետ, աշխատակիցներին ցույց տվեցի իմ բոլոր դիտարկումները և նշումները եղանակի մասին և խնդրեցի, որ նրանք ինձ ցույց տան թե ինչպես է կանխատեսվում եղանակը: Նրանք ինձ սիրեցին և այնքան լավ էին վերաբերվում, ինձ կոչում էին մեր փոքրիկ օդերևութաբանը: Այդ օրվանից շաբաթը մոտ 2 անգամ ես գալիս էի Հիդրոմետ ծառայություն, որից հետո արդեն ընդունվեցի Երևանի պետական համալսարանի Աշխարհագրության ֆակուլտետի ջրաօդերևութաբանության բաժինը: Հենց 1-ին կուրսից ինձ հրավիրեցին աշխատանքի Հիդրոմետ ծառայություն, արդեն մագիստրոս էի, բայց Օդերևութաբանական կանխատեսումների բաժնի պետն էի: Նման խոսակցություններ, ճիշտն ասած, չեմ լսել:

-Շատերն են մանուկ հասակում իրենց համար ընտրում որևէ մասնագիտություն: Կարող ենք ասել, որ Ձեր ներկայիս մասնագիտությունը կարծես հենց Ձեզ համար է: Սակայն էլ ի՞նչ մասնագիտության մեջ Ձեզ կպատկերացնեիք:

-Բացի օդերևութաբանությունից, ես ինձ որևէ այլ բնագավառում չեմ կարող պատկերացնել: Իմ մասնագիտությունը իմ կյանքն, և ես ապրում եմ դրանով: Շատ դեպքերում, երբ որևէ լուրջ եղանակային փոփոխություն է կանխատեսվում և նախազգուշացում է հաղորդվում, նույնիսկ չեմ կարողանում քնել, լարված նայում եմ արբանյակային լուսանկարներին` մինչև սպասվող ցիկլոնը բարեհաճի մտնել Հայաստան:

-Այսօր ասպարեզում եղանակի տեսությունը վարում են հիմնականում իգական սեռի ներկայացուցիչները. հայկական հեռուստատեսության մեջ հայտնի է հատկապես Լիլի Հովերը: Արդյո՞ք Դուք նրան համարում ենք Ձեր «մրցակիցը»))):

Ես աշխարհագրական գիտությունների թեկնածու եմ, ատենախոսությանս թեման եղել է «ՀՀ տարածքի եղանակակլիմայական պայմանները ձևավորող մթնոլորտային երևույթների վերլուծությունը», արդեն 7 տարի դասախոսում եմ Երևանի պետական համալասարանում և զբաղվում եմ գիտությամբ, հետևաբար` որևէ հաղորդավարի կամ հաղորդավարուհու, ով չունի մասնագիտական կրթություն, ես չեմ կարող իմ մրցակիցը համարել: Լիլի Հովերն իմ մտերիմ ընկերն է, և իր եթերներից առաջ նա անպայման կապի մեջ է լինում ինձ հետ, այսինքն` նա ներկայացնում է այն ինֆորմացիան, որը ես իրեն բացատրում եմ, իսկ կանխատեսումները ԱԻՆ Հիդրոմետ ծառայության կանխատեսումներն են: Լիլին պարզապես արտակարգ մեկնաբան է, խելացի աղջիկ է, բայց նա որևէ կապ չունի օդերևութաբանության և եղանակի կանխատեսումների հետ:

-Ինչպե՞ս արձագանքեցիք այն հրապարակմանը, որը վերնագրված էր որպես «Հայի բախտ»` ակնարկելով այն մասին, որ այլ երկրներում եղանակի մասին հայտնում են բավական սեքսուալ աղջիկները, իսկ մեր պարագայում` Դուք:)))) Կա՞ դրա մեջ ճշմարտություն, արդյո՞ք եղանակի տեսությունը վարելու համար համապատասխան գրավչություն և սեքսուալություն է հարկավոր:

Նախ դա հումոր էր: Ես հատուկ նայեցի այդ երկրների մեկնաբաններին, և պարզվեց, որ բոլորը տղաներ են, ընդ որում` մասնագտներ: Այդ նկարը պարզապես սարքած էր հումորի համար, իսկ հումորներին ես միշտ լավ եմ վերաբերվում: Ընդ որում, պետք է ասեմ, որ բոլոր զարգացած երկրներում, եղանակի տեսության մեկնաբանները մասնագետներ են և մեծամասնությունը` տղաներ: Հայաստանում, չգիտեմ ինչու, այդպես էր ստացվել, որ այդ հաղորդումը անպայման պետք է ներկայացնեն աղջիկները, ընդ որում` ոչ մասնագետ, ասենք` դերասանուհի, երգչուհի, կամ մոդել, որոնց մեծ մասը քարտեզի վրա անգամ հյուսիսն ու հարավը չեն տարբերում, սակայն ես կոտրեցի այդ կարծրատիպը և շաբաթը 6 օր «Շանթ» հեռուստաընկերության եթերով իմ ժողովրդին ներկայացնում եմ հավաստի ինֆորմացիա եղանակի կանխատեսումների մասին, իսկ թե որքանով է հավաստի այդ ինֆորմացիան, գնահատում է իմ ժողովուրդը:

Հեղինակ` Լիլիթ Նավասարդյան

 

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее