Ամերիկյան կինոակադեմիան «Օսկար» հեղինակավոր մրցույթի «Լավագույն դերասան» անվանակարգում արձանիկը հանձնվել է Խոակին Ֆենիքսին՝ «Ջոքեր» ֆիլմում դերակատարման համար:
Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակաբաշխությունը տեղի ունեցավ փետրվարի 9-ին Լոս Անջելեսի Դոլբի թատրոնում:
Ֆենիքսը նշել է, որ տարիներ շարունակ եղել է եսասեր ու երկրորդ հնարավորություն չի տվել շատերին: Իսկ հիմա շնորհակալ է բոլոր ներկաներին, որոնք օգնել են իրեն: «Միմյանց աջակցելը մարդասիրության լավագույն դրսևորումներից է: Եղբայրս մի առիթով ասաց, որ աշխարհը կարելի է փրկել սիրո միջոցով»,- արձանիկը ստանալիս շեշտել է դերասանը:
Ֆենիքսի հետ միասին այդ անվանակարգում մրցում էին Անտոնիո Բանդերասը «Ցավ և փառք» ֆիլմով, Լեոնարդո Դի Կապրիոն «Մեկ անգամ …Հոլիվուդում» ֆիլմով, Ադամ Դրայվերը «Ամուսնական պատմություն» կինոնկարով, Ջոնաթան Փրայսը «Երկու Պապ» ֆիլմով:
«Ջոքեր»-ի պրեմիերան տեղի է ունեցել 2019 թվականի օգոստոսի 31-ին Վենետիկի 76-րդ կինոփառատոնում, որտեղ Ֆիլմը ստացել է գլխավոր մրցանակը՝ «Ոսկե առյուծ»-ը։ Ֆիլմը թողարկվել է 2019 թվականի հոկտեմբերի 4-ին: Ռուսաստանում ՝ հոկտեմբերի 3-ին: Այն 2019 թվականի ամենաշատ գումար վաստակած ֆիլմերի ցանկում է:
Նշենք,որ «Օսկար» հեղինակավոր մրցանակաբաշխությանը «Մակաբույծ» ֆիլմը մրցանակի է արժանացել չորս անվանակարգում՝ «Լավագույն սցենար», «Լավագույն արտասահմանյան ֆիլմ», «Լավագույն ռեժիսոր» և «Լավագույն ֆիլմ»:
«Լավագույն ֆիլմ» անվանակարգում ներկայացված էին նաև «Ֆորդն ընդդեմ Ֆերարիի», «Իռլանդացին», «Ջոջո ճագարը», «Ջոքեր», «Փոքրիկ կանայք», «Ամուսնական պատմություն», «1917», «Մեկ անգամ… Հոլիվուդում» ժապավենները:
«Մակաբույծը» ֆիլմում ծույլ մարդկանց ընտանիքը չի ցանկանում չարչարվել և ապրում է՝ շանտաժի ենթարկելով հարուստներին: Մի օր հետաքրքրություն դրսևորելով հերթական հարուստ մարդու հանդեպ՝ ընտանիքի անդամներն անելանելի իրավիճակում են հայտնվում:
Այս ֆիլմով 2019 թվականին մեկնարկել է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը: