Asekose.am-ը շարունակում է ուսումնասիրել պետական բյուջեից տարբեր գերատեսչություններին հատկացված գումարները: Իհարկե, միայն լրագրողական աչքով դժվար է մանրամասնորեն հասկանալ, թե որքանով են դրանք հիմնավոր, բայց առաջին հայացքից էլ նկատելի են հարցադրումները, որոնց մասին լռում են, առաջին հերթին, ընդդիմադիրները:
Մենք մի քանի անգամ արդեն անդրադարձել ենք, թե որքան և ինչ ծախսեր են արվել Ազգային ժողովում: Այս անգամ պարզապես ուշադրություն դարձնենք, թե ինչ փոփոխություններ կան Ազգային ժողովին կատարվող հատկացումների մեջ, և որ ամենահետաքրքիրն է` միջինում որքան է արժենում մեկ պատգամավորը շարքային հարկատուներիս վրա:
Օրինակ` ընդդիմադիր պատգամավորը, իսկ ավելի կոնկրետ` Լյովիկ Զուրաբյանը:
Եվ այսպես. 2013թ. ԱԺ-ին պետբյուջեից հատկացվել է 2 մլրդ 812.9 մլն դրամ: 2014թ. նախագծով հատկացումները կազմում են 3 մլրդ 558.3 մլն դրամ (աճը` 26.4%): Այսինքն` միջինում մեկ պատգամավորը քաղաքացիներիս վրա նստում էր 21.5 մլն դրամ, իսկ հաջորդ տարի, ըստ նախագծի` 27.2 մլն դրամ: Ասել է թե` ընդդիմադիր Լյովիկ Զուրաբյանը, ով չի ուզում առհասարակ նույնացվել պետության հետ, պետությունից 27 մլն դրամ է ստանալու միայն Ազգային ժողովի գծով, չհաշված հատկացումները, որ կատարվելու են կուսակցությանը:
Նման միջինացված ցուցանիշն առաջին հայացքից, բնականաբար, տեղին չի ընկալվում, քանի որ առանձին պատգամավորների դեպքում պետական հատկացումների ծավալներն էականորեն տարբերվում են: Բայց կոնկրետ Լյովիկ Զուրաբյանն այն պատգամավորներից է, որ օգտվում է գրեթե բոլոր հատկացումներից և այս թիվը ամենևին էլ ուռճացված չէ:
Օրինակ, միայն աշխատավարձի գծով Լյովիկ Զուրաբյանն ընթացիկ տարում կստանա 3.6 մլն դրամ, իսկ ահա հաջորդ տարվանից պետությունը նրա վրա աշխատավարձի գծով կծախսի 6.0 մլն դրամ: Ազգային ժողովի պատգամավորներն էլ, ինչպես և մյուսները, ժամանակ առ ժամանակ պարգևավճարներ ու հավելավճարներ են ստանում: Բայց այնտեղ արդեն իսկ ավանդույթ է ձևավորվել, որ նման վճարների արժանանում են այն պատգամավորները, ովքեր սեփական բիզնես չունեն: Այսինքն` Լյովիկ Զուրաբյանն, ըստ ամենայնի, նման վճարներ ստացել է և կստանա, որոնց չափը, սակայն, հնարավոր չէ ճշտել: Նշենք միայն, որ պետբյուջեի նախագծով ԱԺ աշխատողների և պատգամավորների աշխատավարձերի ու հավելավճարների համար 2013թ. բյուջեով նախատեսվել է 1 մլրդ 715.8մլն դրամ ծախս, իսկ հաջորդ տարվա բյուջեի նախագծով` 2 մլրդ 280.1 մլն դրամ:
Բնականաբար, այստեղ ներառված են նաև ԱԺ աշխատակազմի վրա կատարված ծախսերը, որից Լյովիկ Զուրաբյանը նույնպես օգտվում է: Մասնավորապես պետությունն ընդդիմադիր գործչին ապահովում է անձնական աշխատակազմով` նվազագույնը 3 աշխատակիցներ (օգնական, գործավար և այլն), ովքեր ամսական ստանում են միջինը 100 հազար դրամ: Այսինքն` Լյովիկի «մինիաշխատակազմը» հարկատուների վրա արժենում է տարեկան 3.6մլն դրամ, իսկ հաջորդ տարվանից (հաշվի առնելով, որ աշխատավարձերն ԱԺ աշխատակազմի համար 30%-ով ավելանում են) կդառնա մոտ 4.7մլն: Սրան կարելի է գումարել նաև պարգևավճարները, որոնք ավելի քիչ չեն, քան տարեկան աշխատավարձի 1/12-րդ մասը, այսինքն` միասին 3.9մլն ընթացիկ տարում և մոտ 5.1 մլն գալիք տարում:
Ծախսերի հաջորդ խոշոր հոդվածը գործուղումներն են` 350 մլն դրամ` թե ընթացիկ, թե գալիք տարում: Սա այն հոդվածն է, որից օգտվում են քչերը, բայց Լյովիկ Զուրաբյանն այդ քչերի մեջ է: Նա ընդգրկված է ԵԽԽՎ և Եվրանեսթի պատվիրակությունների կազմում, ինչպես նաև Հայաստան-Ռուսաստան միջխորհրդարանական հանձնաժողովի, ու Հայաստան-ԱՄՆ, Հայաստան-Ճապոնիա բարեկամական խմբերի կազմերում:
Թե սա դրամական արտահայտությամբ ինչ տեսք ունի, փորձենք հաշվել միասին: ԵԽԽՎ պատվիրակության անդամը տարեկան առնվազն 4 անգամ մասնակցում է նստաշրջանների աշխատանքներին: Դա նշանակում է վեցօրյա գործուղում Ստրասբուրգ: Մեկ գործուղման համար նվազագույնը տրամադրվում է ավիատոմսի գումար (երկու ուղղությունը` մոտ 1000 դոլար, այսինքն` 400հզ դրամ), ըստ կառավարության որոշման` 552 եվրո (մոտ 300հզ դրամ) օրապահիկի համար և ևս 678 եվրո (380 հզ դրամ) գիշերակացի համար: Ստացվում է, որ մեկ գործուղումը արժենում է 1.1 մլն դրամ: Տարեկան Լյովիկ Զուրաբյանը միայն ԵԽԽՎ գծով հարկատուներիս վրա լրացուցիչ 4.4 մլն դրամի ծանրաբեռնվածություն է թողնում: Սրան գումարեք նաև նրա մասնակցությունն այլ պատվիրակություններին, ինչպես նաև գործուղումներն այլ նպատակներով և կստանաք մի պատկառելի գումար:
Ծախսերի հաջորդ խումբը սպասարկող մեքենաներն են: Լյովիկ Զուրաբյանին, ինչպեսև այլ խմբակցությունների ու հանձնաժողովների ղեկավարներին, հատկացված է մեքենա (ձևականորեն` խմբակցությանը, իրականում` Լյովիկին): Բյուջեն թե այս տարի, թե գալիք տարվա համար Ազգային ժողովին 124 մլն հատկացրել է տրանսպորտային նյութերի ձեռքբերման, 28 մլն (2014-ին` 20 մլն)` մեքենաների և սարքավորումների սպասարկման համար: Թե դա ինչ գումար է կազմում կոնկրետ Զուրաբյանի պարագայում, կարելի է հեշտությամբ հաշվել` իմանալով, որ մեկ մեքենայի համար օրական հատկացվում է 15լ բենզին: Տարվա կտրվածքով սա կազմում է մոտ 4 տոննա, իսկ դրամական արտահայտությամբ` մոտ 2մլն դրամ: Սրան գումարեք նաև վարորդի աշխատավարձը (որը 70հզ է և, ըստ ամենայնի, կդառնա 90հզ) և կստացվի, որ պետությունը Լյովիկին մեքենայով ու վարորդով ապահովելու վրա (չհաշված ընթացիկ սպասարկումը) ծախսում էր մոտ 3մլն, իսկ մյուս տարի կծախսի մոտ 3.2մլն դրամ:
Թվում է, թե վերջ, բայց գլխավորն առջևում է: Հիմնական աճը մեր Ազգային ժողովը հաջորդ տարի գրանցելու է ոչ թե աշխատավարձերի կամ գործուղումների ոլորտում, այլ` կոմունալ ծառայությունների: Եթե 2013-ին այս նպատակի համար հատկացումները կազմել էին էներգետիկայի գծով 42.3մլն, կոմունալ ծառայությունների գծով` 11.5 մլն և կապի ծառայությունների գծով 70.6մլն դրամ (ընդհանուրը` 124.4 մլն դրամ), ապա գալիք տարում ԱԺ-ում մտադիր են սպառել 152.1մլն-ի էներգետիկ, 31.2մլն-ի կոմունալ և 129մլն-ի կապի ծառայություններ, ընդհանուր առմամբ` 312.3մլն դրամ (աճը` 2.5 անգամ): Սա, իհարկե, պարզաբանման կարիք ունի և լավ կլինի, որ Լյովիկ Զուրաբյանն այս հարցի մասին խոսի: Բայց մինչ այդ ստիպված ենք արձանագրել, որ այդ ծառայություններից ամենաշատը օգտվողներից մեկը հենց Զուրաբյանն է (քանզի իշխող կոալիցիան ու այլընտրանքը ներկայացնող ուժերի ներկայացուցիչների մեծ մասն առհասարակ ԱԺ շենքում չեն էլ լինում)` իր թիմով ու աշխատակիցներով: Իհարկե, դժվար է կոնկրետ առանձնացնել ծառայությունների որ մասից է օգտվում Լյովիկ Զուրաբյանը կամ մեկ այլ պատգամավոր, բայց հանգիստ կարելի է միջինացնել և ստանալ, որ մեկ պատգամավորի համար պետությունը 2.4մլն դրամի հանրային ծառայություններ է գնելու (2013-ին` 1.1 մլն):
Ծառայություններ դասի տակ բյուջեում կարելի է բազմաթիվ այլ հատկացումներ էլ գտնել. օրինակ վարչական ծառայություններ` 6մ լն, համակարգչային ծառայություններ` 3մլն, տեղեկատվական ծառայություններ` 16մլն և այլն: Բնական է, որ այստեղից Զուրաբյանին ևս «մասհանում» պետք է կատարել: Նույն կերպ պետք է մասհանում անել նաև 195 մլն դրամից, որ նախատեսված է ներկայացուցչական ծախսերի համար. ի վերջո նա էլ բազմաթիվ պատվիրակությունների ու խմբերի անդամ է և մասնակցում է ոչ միայն հանդիպումներին, այլև` ընդունելություններին ու ֆուրշետներին:
Սա էլ դեռ ամենը չէ: Մեր պետությունը 52.9 մլն հատկացնում է ԱԺ-ին` գրասենյակային նյութերի ձեռքբերման նպատակով: Հասկանալի է, որ պատգամավորների գերակշռող մասի հետ համեմատած Զուրաբյանն ավելի շատ է թուղթ ու գրիչ օգտագործում, և նրա դեպքում միջին ցուցանիշը շռայլություն չի լինի:
Բյուջեով Ազգային ժողովին կատարվելիք հատկացումների մեջ կարելի է գտնել նաև էկզոտիկի ձգտող հատկացումներ` գյուղատնտեսական ապրանքների ձեռքբերում (5.7մլն), կենցաղային և հանրային սննդի նյութերի ձեռքբերում (19.3 մլն), հատուկ նպատակային այլ նյութերի ձեռքբերում (38.3 մլն) և այլ ծախսեր (54,5մլն): Սրանց դեպքում պետք է երևակայության գիրկն ընկնել` հասկանալու համար` որտե՞ղ են ծախսվել ու ծախսվելու այդ միջոցները: Բայց եթե դրանք իսկապես ծախսվելու են, կնշանակի, այստեղ ևս Զուրաբյանին պետք է մասհանում անել:
Ակնհայտ է, որ Լյովիկ Զուրաբյանի դեպքում միջինացված ծախսերն ամենևին էլ չափազանցված չեն. պետությունը նրա վրա ծախսում է մոտ 27մլն դրամ: Սա ամենևին էլ քիչ գումար չէ ու, երևի, դրանով է պայմանավորված, որ ոչ Զուրաբյանը, ոչ էլ մյուսները ոչ մի անգամ այդ ծախսերն օպտիմալացնելու հարց չեն բարձրացրել: