▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պատերազմ Իրանում․ հետևանքներն ու սպառնալիքները Հայաստանի համար...

Ինֆորմացիան և տեսանյութերն այս հղումով թարմացվում են․ Հետևեք նաև Asekose.am-ի տելեգրամյան ալիքին։

 Էդմոն Մարուքյանի թելեգրամյան գրառումը՝ կից տեսանյութով․ «Ունենք մի իրավիճակ, երբ Վենեսուելայի նախագահը առևանգվում է, կալանավորվում է և պետք է դատվի Նյու Յորքում։ Այսօր տեսնում ենք, որ էլի ինքնիշխան պետության իշխանությունը թիրախավորվում է և սպանվում։
Երբ Իրանում նոր գերագույն առաջնորդ ընտրեն, նրան նույնպես կփորձեն սպանել։ Թրամփի հայտարարություններից կարելի է ենթադրել, որ նպատակ է դրված՝ առաջիկա օրերին փոխել Իրանում ռեժիմը և հանդարտեցնել իրավիճակը տարածաշրջանում։

Եթե այս պատերազմը երկարի, ապա ծայրահեղ ծանր իրավիճակ կարող է լինել միջազգային առևտրի, բիզնեսի, ֆինանսական, նավթային, գազային շուկաների համար։
Իսկ ի՞նչ կա Հայաստանում…»:

***

ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածները Թեհրանին՝ չեն ազդել պատերազմ վարելու Իրանի կարողության վրա, և այժմ Իսլամական Հանրապետությունն է որոշում, թե երբ և ինչպես կավարտվի հակամարտությունը, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։

«Ռմբակոծությունները ոչ մի կերպ չեն ազդում մեր կարողության վրա։ Բազմաշերտ, ապակենտրոնացված պաշտպանությունը թույլ է տալիս մեզ որոշել, թե երբ և ինչպես կավարտվի պատերազմը»,- գրել է նա՝ X-ում։

***

Իսրայելը Լիբանանում «Հզբոլլահի» դեմ հարձակողական գործողություն է սկսել, հայտարարել է Գլխավոր շտաբի պետ Էյալ Զամիրը։

«Մենք պետք է պատրաստվենք ծանր և երկարատև մարտերի»,- ասել է նա ռազմական խորհրդակցության ժամանակ։

Ի՞նչ է հայտնի այս ժամին.

«Fars» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանը հրթիռային և անօդաչու թռչող սարքերով նոր հարձակումներ է սկսել տարածաշրջանում գտնվող ամերիկյան բազաների վրա։

Հարվածել են Դոհային, Քուվեյթին, Դուբային, Բահրեյնին և Աբու Դաբիին։ Ծխի ամպ է երևացել նաև Պորտ Սալմանի մոտ և Բահրեյնում ԱՄՆ դեսպանատան վերևում։

Պենտագոնի պաշտոնյաներն անկեղծորեն խոստովանել են. իրենց տվյալների համաձայն՝ չկար որևէ ցուցում, որ Իրանը պատրաստվում էր կանխարգելիչ հարված հասցնել տարածաշրջանում գտնվող ամերիկյան բազաներին, հաղորդում է CNN-ը։

***

Պարսից ծոցի երկրները սպառնացել են պատասխան տալ Իրանին՝ միանալով ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներին։ 

Ինչ է հայտնի Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի մասին այս պահին:

▪️Երուսաղեմը Իրանի հրթիռային հարձակման տակ է հայտնվել, առնվազն 7 մարդ վիրավորվել է, հաղորդվում է 1 զոհի մասին: Երուսաղեմից ոչ հեռու գտնվող Բեյթ Շեմեշ քաղաքում հարվածի հետևանքով զոհվել է 9 մարդ, ավելի քան 40-ը վիրավորվել են, գրում Է Times of Israel-ը:

▪️ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է, որ ԻՀՊԿ-ն «այլևս շտաբ չունի»։  Հայտնում են, որ կիրառել են «հատուկ հնարավորություններ», որոնց մասին մանրամասներ չեն կարող ասել։ 

▪️ Թրամփը հայտարարել է, որ Իրանի դեմ գործողությունը կարող է տևել 4 շաբաթ կամ ավելի քիչ:

▪️Մեծ Բրիտանիան հավանություն է տվել ԱՄՆ-ի խնդրանքին՝ օգտվել իր ռազմական բազաներից՝ Իրանում հրթիռների պահեստներին հարվածներ հասցնելու համար, սակայն չի միանա հարվածներին, հայտարարել է վարչապետ Սթարմերը:

***

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ «երեք շատ լավ թեկնածուներ» ունի Իրանի հաջորդ առաջնորդի պաշտոնի համար։ Նա նրանց անունները չի նշել՝ ասելով, թե ամերիկացի զինվորականները նախ պետք է գործը ավարտին հասցնեն Իսլամական Հանրապետությունում։

Միևնույն ժամանակ, նա հայտարարել է, որ ի վերջո Իրանի ժողովուրդը պետք է որոշում կայացնի երկրում իշխանափոխության վերաբերյալ։ «Նրանցից է կախված՝ կանեն դա, թե ոչ։ Նրանք տարիներ շարունակ խոսել են այդ մասին, ուստի հիմա նրանք ակնհայտորեն հնարավորություն ունեն»,- ասել է Թրամփը՝ The New York Times-ին տված հարցազրույցում։

***

Իրանագետ Վարդան Ոսկանյանի թելեգրամյան գրառումը․ «Իրանական աղբյուրները տարածել են կադրեր, որոնք պատկերում են Քուվեյթի երկնքում խոցված ամերիկյան ռազմական օդանավ։

Ամերիկյան կողմն առայժմ ոչ հաստատել, ոչ հերքել է ինքնաթիռի կորուստը։

Տարածաշրջանում շիայական կազմավորումների ակտիվացման շրջանակներում Իսրայելին հրթիռային հարվածներ է հասցրել լիբանանյան «Հիզբալլահը», իսկ Թել-Ավիվը հայտարարել է, որ ռազմական գործողություն է սկսում Լիբանանում։

Գրեթե կասկած չկա, որ Իսրայելի դեմ ռազմական գործողություններ կսկսեն նաև Եմենի հութիները»:

***

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Ըստ երևույթին՝ պաշտոնական Երևանին որևէ կերպ չի հաջողվում կապվել Վաշինգթոն և ճշտել՝ կարելի՞ է Իրանին ցավակցել Գերագույն հոգևոր առաջնորդի սպանության առիթով, թե՞ պետք է Թրամպին շնորհավորել՝ Իրանի առաջնորդին սպանելու կապակցությամբ:

Հավանաբար դա է պատճառը, որ առաջնորդի սպանության լուրի պաշտոնական հաստատումից արդեն ավելի քան 24 ժամ անց որևէ տեղեկություն չկա Հայաստանի վարչապետի ցավակցության մասին»:

***

ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը ֆեյսբուքյան էջում գրում է․ «Խորին ցավակցություն եմ հայտնում Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի անդամների ողբերգական մահվան կապակցությամբ։
Դատապարտելի է Իրանի դեմ չհիմնավորված հարձակումը, որի այլընտրանքը պետք է լիներ արդեն իսկ սկսված բանակցային գործընթացը և ոչ թե ռազմական ուժի կիրառումը, որին զոհ դարձան Իրանի ղեկավար կազմի տասնյակ ներկայացուցիչներ, հարյուրավոր խաղաղ բնակիչներ, հարձակման թիրախում հայտնված դպրոցի աշակերտներ։ Եվ մարդկային կորուստները դեռ շարունակվում են ու ոչ միայն Իրանում։
Հայաստանն ու Իրանն իրենց փոխհարաբերությունները կառուցել են՝ անցնելով հազարամյակների փորձությունների միջով և կերտելով ամուր բարեկամություն։ Իրանը շատ բան է տվել թե՛ տարածաշրջանին, թե՛ աշխարհին՝ որպես ամենահին մշակույթ ունեցող ազգերից մեկը։
Համոզված ենք, որ Իրանն այս փորձությունն էլ կհաղթահարի և դուրս կգա այս իրավճակից իր պետականությունն է՛լ ավելի ամրապնդած։
Թե ինչպես պետք է կառուցի Իրանն իր ներքին կյանքը, դա միայն ու միայն Իրանի ժողովրդի որոշելիք հարցն է և ոչ թե արտաքին ուժերի»։

***

Իրանը հրթիռային և անօդաչու թռչող սարքերով հարձակումների նոր ալիք է սկսել Մերձավոր Արևելքում գտնվող ԱՄՆ ռազմական բազաների վրա, հաղորդում է Fars-ը՝ հղում կատարելով աղբյուրներին։

Հարվածների են ենթարկվել Դոհայում, Քուվեյթում, Դուբայում, Բահրեյնում և Աբու Դաբիում գտնվող ԱՄՆ բազաները։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее