▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սյունյաց աշխարհի արժանավոր զավակը...Սամվել Ալեքսանյանի այս հոդվածը պետք է անպայման կարդալ

Համացանցում մեծ աղմուկ է բարձացրել Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի 60-ամյակի առիթով գրված՝ «Սյունյաց աշխարհի արժանավոր զավակը (Սուրեն Խաչատրյանը 60 տարեկան է)» հոդվածը/տպագրվել է «Սյունյաց երկիր» թերթում/, որը ներկայացնում ենք ստորև՝ առանց մեկնաբանության.

Երբ Պետրոս եւ Հովհաննես առաքյալներին քննում էին Երուսաղեմի ատյանում, քահանայապետի հարցերից մեկին այսպես պատասխանեցին նրանք. «Իսկ մենք չենք կարող չասել, ինչ-որ տեսել ենք ու լսել» (Գործք առաքելոց, գործք 4.19):

Սկզբունքն այս աչքի առաջ ունենալով ու մեր ներքին մղումին ընդառաջ գնալով՝ «Սյունյաց երկիր»-ը չէր կարող չներկայացնել մեր լեռնաշխարհի նշանավոր ու արժանավոր զավակին՝ Սուրեն Խաչատրյանին, ում 60-ամյակն է լրանում 2016թ. օգոստոսի 1-ին, ում կյանքի ուղին՝ պատանեկության տարիներից, մեր աչքի առաջ է: Ինքն էլ՝ որպես պետական այր, երկու տասնամյակ անկեղծորեն ձգտել է երկրամասի նշանավոր ու վաստակաշատ որեւէ մեկին չմոռանալ, նրանց արած-դրածն ըստ պատշաճի արժեւորել:

Լրագրի սույն համարով փորձել ենք արժեւորել Սուրեն Խաչատրյանի գործունեությունը՝ հիմքում դնելով իրատեսությունը:

***

Սուրեն Խաչատրյանի կյանքն ու գործը, անցած ճանապարհը պարտավոր ենք դիտարկել ժամանակի համապատկերի վրա, քանզի ժամանակից ու հասարակական-քաղաքական համակարգից դուրս մարդ (առավել եւս պետական ու հասարակական գործիչ) չկա ու չի կարող լինել: Այնպես որ՝ իր գործունեության բոլոր փուլերում նա կրել է հասարակական կյանքի անցումային փուլերին ուղեկցող բարդ ժամանակների կնիքը: Այդքանով հանդերձ՝ ունեցավ հատկանիշներ ու որակներ, որոնցով ակնհայտորեն ու շահեկանորեն տարբերվեց ու առանձնացավ: Այդ ամենի մասին բարձրաձայնել ենք 2011 թվականին, երբ առաջին անգամ փորձեցինք ուրվագծել նրա դիմանկարը («Սյունյաց երկիր», N13 (232)), եւ նպատակահարմար չէ կրկնել ասվածը, մանավանդ որ այդ հոդվածը՝ «Նա իր հայրենիքի որդին է», տեղ է գտել թերթի սույն համարում (էջ 106):

Եվ, այնուամենայնիվ, ո՞րն էր նրա քաղաքական կենսունակության աղբյուրը, ո՞րն էր պատճառը, որ հազար ու մի փորձությունների միջով անցնելուց հետո անգամ ուժ էր գտնում իր մեջ՝ անընդհատ սրբագրելու անցածն ու արածը, գործելու նոր եռանդով, ներկայանալու նոր նախաձեռնություններով:

Այդ առիթով մինչեւ այսօր հրամցվող մեկնաբանություններին չենք անդրադառնա: Բայց կա մեկ այլ իրողություն, որ գոնե հիմա չպետք է շրջանցել կամ ուրանալ. նրա կենսունակության ակունքը հայրենի եզերքն է, այդ լեռնաշխարհի մարդկանց ոգին:

Քաղաքապետի, պատգամավորի, մարզպետի դիրքը երբեք նրան չհեռացրեց ժողովրդից, շարքային մարդկանցից, ինչի համար եւ հազարավոր սյունեցիներ մնացին սրտակից նրա հետ: Մի անգամ արդեն գրել ենք. « ….Գորիսն անհատականությունների քաղաք է: Գորիսը չես կարող կառավարել վախի, մահակի օգնությամբ: Գորիսը կառավարելու համար պիտի սիրել Գորիսը, գորիսեցուն, հարգել նրա արժանապատվությունը… Ոմանց համար գուցեեւ հասկանալի չեն պարզագույն այդ ճշմարտությունները, բայց դա է իրականությունը» («Սյունյաց երկիր», N17 (290), 2013թ.):

Ասվածն առանց վերապահումի կարող ենք տարածել ամբողջ Սյունիքի վրա՝ արաքսամերձ Նռնաձորից մինչեւ Գորայք:

***

Մեծ եւ անկրկնելի Մորուս Հասրաթյանը «Ո՞րն է Մովսես Խորենացու ծննդավայրը» հոդվածն այսպես է ավարտում. «… Նրա ծննդավայրը, որտեղ էլ լինի՝ ընդունելի է: Իսկ նրա սյունեցի լինելը պատիվ է բերում ոչ միայն Սյունիքին, այլեւ իրեն՝ հանճարեղ եւ անմահ Խորենացուն»:

Ավելի լավ հնրավոր չէ ասել՝ սյունեցի լինելը, իրոք, պատիվ է յուրաքանչյուրիս համար:

Սուրեն Խաչատրյանը ոչ միայն Սյունյաց աշխարհի զավակ է, այլեւ այդ աշխարհի ավելի քան տասը տարվա ղեկավարը, որը, ինքնըստինքյան, պատիվ է ու նրա ապրած կյանքը կարեւորող ծանրակշիռ հանգամանք: Իսկ այդ տարիները մեր պետականության կայացման համար, Սյունիքի մարզի սոցիալ-տնտեսական զարգացման համար սովորական ժամանակահատված չէին:

Գրականագետ Դավիթ Գասպարյանն Ակսել Բակունցի «Կյորես» վիպակի առիթով ուշագրավ ընդհանրացում է արել հայրենիք հասկացության առիթով: Ահա նրա խոսքը. «Ի՞նչ է հայրենիքը, եթե ոչ ծննդավայրից սկսվող եւ լեզվով, մշակույթով, հավատով ու տեսակի ընդհանրությամբ իր սահմաններն ամբողջացնող մի եզերք: Ի՞նչ է հայրենիքը, եթե ոչ արյամբ ժառանգած մի բնաշխարհ, որ սերունդների պայքարով, գրով ու խաչքարով, տաճարով ու դպրությամբ, ծեսով ու սովորությամբ, մարդկային կենսագրություններով եւ հարության շարունակվող սպասումներով փոխանցվում է այդ ամենի տեսք ու կերպարով ծնված, այդ ամենից սերված նրա որդիներին»:

Իր հայրենիքի կրողն է Սուրեն Խաչատրյանը, հայրենիքի այդ ընկալումն ու ոգին է, որ առայսօր ձգտում է կենդանի պահել նա:

Եվ Սյունիքում սպասում են նոր գործերի ու նախաձեռնությունների, քանի որ նա դեռ ասելիք ու անելիք ունի…

Շնորհավորենք Սուրեն Խաչատրյանին՝ ծննդյան 60-ամյակի կապակցությամբ, մաղթենք նրան քաջառողջություն եւ հետագա բեղուն գործունեություն Սյունիքի մարզպետի պատասխանատու աշխատանքում:

ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее