▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սկսում եմ վախենալ` միգուցե վաղն ինձ զրպարտանքի մե՞ջ մեղադրեն

Էսօր ինձ հետ տեղի ունեցած միջադեպից հետո, երբ գլուխս սառել էր արդեն, զգացի, որ վախենում եմ, թե վաղն ինձ կմեղադրեն զրպարտության մեջ: Որովհետեւ այն ինչ տեղի ունեցավ, անպատկերացնելի էր: Ուրեմն` 100 հոգու, մեծ ու փոքրի ներկայությամբ ինձ քաշքշում են, հարվածում են, հայհոյում են, ձեռքիցս տեսախցիկը խլում են, ու հավաքված մեծուփոքրերից ՈՉ ՈՔ չի միջամտում: Թաղի կնանիքից ոչ ոք չի ասում «Այ ձեր մերը չմեռնի, էս ի՞նչ եք անում»: Մոտիկ կանգնած ոստիկանության ՄԱՅՈՐԸ չտեսնելու է տալիս` ոչ մի բան չի կատարվում, երեխաները դեղին փուչիկներով խաղում են, երաժշտություն է հնչում: Ու երբ որ մոտենում եմ սրան, (մի 60-ն անց մարդ էր), գոռում եմ` պարոն մայոր, ակնոցս ու՞ր ա (քաշքշուկի ժամանակ ակնոցս ընկել էր, ու էդ պահին էդ էր ամենամեծ խնդիրս), ասում ա` նորմալ ա ապեր ջան, հանգստացի: Ու հետո մոտենում ա Տարոնի լրատվական ծառայության պետ Արթուր Գեւորգյանն ու սկսում ա ինչ-որ դավադրական տեսություններ ներկայացնել ԻՐԵՆՑ թեկնածուի դեմ սադրանքի մասին, որ սա փորձ է` հարվածելու իշխանությունների հեղինակությանը (բնական է չէ՞. ՏԱրոնի դեմ քննադատական նյութեր դնող լրատվամիջոցի լրագրողին ինչ-որ մութ ուժեր ծեծել են, որ անունը դուրս գա, թե Տարոնն իրեն քննադատողներին պատժելու համար մարդ է ուղարկում: Անձամբ ես իմ անձի մասին ավելի համեստ կարծիքի եմ, ու կարծում եմ, որ ինձ վրա հարձակվողներից ոչ ոք ինձ չէր ճանաչում): Երբ դեպքից հետո տարիքն առած մի կին ամոթանք էր տալիս ինձ` թե ինչի ես եկել մարդկանց տոնը փչացնում, ո՞վ ա քեզ ուղարկել (վերաձեւակերպելով էկել ես, որ ի՞նչ անես-ը): Երբ որ հետո պարզում եմ, որ ինձ հարվածողը Երեւանի ավագանու անդամ է ՀՀԿ-ից: Երբ ձեռքիս համարին զանգում ա Ջրվեժի ոստիկանապետ Գալստյանը (թե՞ Գասպարյան) ու խորհուրդ տալիս մոտենալ տարածքում ծառայություն իրականացնող ոստիկաններին ու պատմել ԻՄ ՊՐՈԲԼԵՄՆԵՐԻ մասին, ասում եմ` հարգելիս, ախր, դեպքը ոստիկանի ներկայությամբ ա տեղի ունեցել, դեպքից հետո տարածք են եկել մի քանի ուրիշ ոստիկաններ` ՊՊԾ մեքենայով, ու դրանցից յուրաքանչյուրը, որ մոտենար էնտեղ ցանկացած մատնաչափ երեխայի, հարցներ` էսօր էստեղ ու՞մ են տփել, կպատասխանեին, որ էէէն թրաշով ակնոցավոր տղուն: Ասում ա` դե գիտեք, ինչ կա, հազար բան կարող ա պնդեք, եթե բողոք ունեք, գնացեք, դիմեք ոստիկաններին, կամ եկեք բաժանմունք, բացատրություն վերցնենք, պարզենք` ինչ ա եղել: Երբ տարածքում մի սաղ լրագրող եմ փնտրում, չեմ գտնում, որ դարդս պատմեմ, մենակ` Երեւան ՏՎ-ի վախվորած աջկան, որ պատառոտված շորերս տեսնելով փախավ կողքիցս: Ու էդ ամեն ինչը «Երեւանը դու ես, սիրո մայրաքաղաք եւ այլն» երգերի հնչյունների տակ: Սկսում եմ վախենալ, կարող ա՞ վաղն ինձ զրպարտանքի մեջ մեղադրեն: Եսի՞մ: Կարող ա:

Լրագրող Հակոբ Կարապետյանի գրառումը

Ֆեյսբուք

Հիշեցնենք, որ երեկ` Տարոն Մարգարյանի քարոզչական  հանդիպման ժամանակ Նոր Նորքի 8-րդ զանգվածում հարձակվել են ilur.am կայքի լրագրող Հակոբ Կարապետյանի վրա, քաշքշել նրան, հարվածներ տեղացրել, պատռել շորերը: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее