Հուլիսի 4-ից 9-ը Հայաստանի տարբեր թանգարաններում անցկացվելու է ժամանակակից արվեստի և երաժշտության փառատոն, որը համակարգվում է Progressive Art գործակալության կողմից: Այս մասին Asekose.am-ի հետ զրույցի ընթացքում նշեց գործակալության տնօրեն, երաժիշտ Վան Սարկիսյանը:
«Ժամանակակից արվեստի և երաժշտության փառատոնը (HassFest) իր մեջ ներառում է արվեստի տարբեր դրսևորումներ: Փառատոնի գաղափարի հիմքում ընկած է համագործակցության ձևաչափ, որը հնարավորոթյուն է ընձեռում միավորել արվեստագետներին և արվեստի տարբեր ճյուղերը: Ամեն տարի ընտրում ենք արվեստի 2 տարբեր ճյուղեր, այս անգամ էլ ընտրել ենք երաժշտությունն ու գեղարվեստը: Փառատոնի շրջանակներում համագործակցում են 12 կոմպոզիտորներ և 12 նկարիչներ: Կոմպոզիտորները գալիս են աշխարհի տարբեր ծայրերից՝ այդ թվում Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Շվեյցարիայից, Չինաստանից, Միացյալ Թագավորությունից, իսկ նկարիչները հայ ժամանակակից արվեստի կարկառուն ներկայացուցիչներն են՝ Արթուր Սարգսյան, Գարիկ Կարապետյան, Վահե Բերբերյան ,Սեմ Գրիգորյան և այլք: Փառատոնին մասնակցելու է նաև աշխարահռչակ ռոք երաժիշտ, System Of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը, ով, ի դեպ, նաև իր նկարներով է ներկայանալու: Հատկանշական է այն, որ Սերժ Թանկյանի երաժշտական նկարները առաջին անգամ ներկայացվելու են Հայասատնում հենց փառատոնի շրջանակներում: 12 կոմպոզիտորները գործեր են գրել՝ ազդված հայ ժամանակակից նկարիչների գործերից: Ունենալու ենք նաև վարպետության դասեր, սեմինարներ, կիթառի ֆեստիվալ, որը փառատոնի մի մասն է կազմում: Դրան մասնակցում են նշանավոր կիթառահարներ Սերժան Բուլեթը՝ Խորվաթիայից, Ռաֆայել Ագիրեն՝ Իսպանիայից, Թուրքիայից և ԱՄՆ-ից ՝ Էմրե Գոկալպը և այլք: Կիթառի համերգները կկայանան Գաֆեսչյան կենտրոնում և Կոմիտասի համերգասրահում»,-մանրամասնեց մեր զրուցակիցը:
Զրույցի ընթացքում պարզ դարձավ, որ փառատոնի ստեղծման գաղափարը պատահական չի ծագել:
«Ողջ պատմության ընթացքում կոմպոզիտորների և արվեստագետներին հուզել է միևնույն միտքը. նրանք հաճախ են փորձել հասնել նույն արդյունքին: Օրինակ՝ Հեկտոր Բեռլիոզը փորձում էր արվեստի մեջ զարգացնել անմիջական երկխոսության գաղափարը, Ռիչարդ Վագները ցանկանում էր միավորել բոլոր արվեստները՝ համարելով այն վերջնական գեղարվեստական ձեռքբերում, իսկ Կլոդ Դեբյուսին ուզում էր երաժշտությանը անդրադառնալ ժամանակի իմպրեսիոնիստ նկարիչների պես՝ թույլ տալով, որ գույնը գերակայի: Մենք էլ մեր հերթին փորձել ենք միավորել աշխարահռչակ նկարիչների և երաժիշտներին՝ հնարավորություն տալով նրանց հետագայում ևս շարունակել համագործակցությունը: Այս փառատոնը շարունակական բնույթ է կրելու,փորձելու ենք համատեղել արվեստի 2 տարբեր ճյուղերը, օրինակ՝ գրականությունն ու երաժշտությունը: Արդյունքում մենք կունենանք մի համընդհանուր արվեստի ճյուղ նախատեսված բոլորի համար՝ անկախ կրոնական հայացքներից և ազգային պատկանելիությունից», պարզաբանեց Վան Սարկիսյանը:
Անդրադառնալով փառատոնի հիմնական գաղափարին՝ մեր զրուցակիցը նշեց. « Մեր օրերում տեսնում ենք, որ մարդիկ այնքան էլ շատ չեն հաճախում թանգարաններ, իսկ երբ այցելում են, մի քանի րոպե շրջում են սրահներում, սելֆի անում, սոցիալական այս կամ այն կայքում check in լինում և վերջ: Մենք հնարավորություն ենք տալիս մարդկանց դիտարկել արվեստը մեկ այլ տեսանկյունից, որն էլ էլ իր հերթին կհանգեցնի ընդունված ավանդական տեսակետի փոփոխմանը: Նկարը դիտելու ժամանակ այցելուները հնարավորորություն կունենան լսել նաև դրա հիման վրա գրված երաժշտությունը: Սա նշանակում է, որ այցելուները կտեղափոխվեն այնպիսի մթնոլորտ, որտեղ կարող են լինել արվեստի մեջ և արվեստի հետ»:
Ըստ Վան Սարկիսյանի՝ Progressive Art կազմակերպության գաղափարախոսությունը շատ պարզ է ՝ համատեղել ժամանակակից արվեստն ու երաժշտությունը՝ կազմակերպել այնպիսի միջոցառումներ, որոնք դուրս կգան բոլոր սահմաններից:
«Մենք հիմնվում են այն միակ ճշմարտության վրա, ըստ որի արվեստը համամարդկային երևույթ է, հետևաբար պետք է հասանելի լինի բոլորին: Այս նախագիծը իր տեսակով նորություն է Հայսատանում: Մենք այն տանելու ենք նաև Բեռլին, Լոնդոն և Լոս Անջելես»,- Asekose.am-ի հետ զրույցը եզրափակեց Progressive Art կազմակերպության տնօրեն, փառատոնի կազմակերպիչ, երաժիշտ Վան Սարկիսյանը՝ հույս հայտնելով, որ ծրագիրը մեծ հնչեղություն կստանա և կհայտնվեն հովանավորներ, ովքեր կաջակցեն աշխարհահռչակ արվեստագետներին Հայաստան բերելու այս մեծ նախագծին:
Փառատոնի մանրամասները՝ indiegogo.com կայքում
Հեղինակ՝ Լիլիթ Նավասարդյան