▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սեր ենք փոխանցել այս երգով,ինչը վերջին շրջանում պակասում է

«Այս գիշեր» երգը եկավ լրացնելու ամանորյա երգերի շարքը:

Երգի հեղինակը Րաֆֆի Ալթունյանն է:

Կատարում են՝ Հայկոն, Քրիստինե Պեպելյանը, Արսեն Սաֆարյանը, Ալլա Լեւոնյանը, Էրիկ Կարապետյանը, Զարուհի Բաբայանը, Գևորգ Մարտիրոսյանը եւ Ռուզաննա Անդրեասյանը:

«Որոշեցի մի սիրուն երգ նվիրել մեր հայրենակիցներին։ Ցանկությունս մեծ էր, որ այն կատարեին հին ու նոր սերնդի երգիչները: Երբ Արսեն Սաֆարյանի հետ միասին լսեցինք, անմիջապես պատկերացրեցինք, թե ովքեր պետք է լինեն կատարողները: Նախնական տարբերակը ուղարկեցինք արտիստներին ու բոլորն էլ մեծ սիրով համաձայնեցին»,- պատմեց նախագծի պրոդյուսեր Րաֆֆի Ալթունյանը:

Գործիքավորումը կատարել է Սերգեյ Հովհաննիսյանը, իսկ տեսահոլովակը նկարահանել է Լևոն Ասրյանը: «Սկզբում ցանկանում էինք ավելի մասշտաբային նկարահանումներ իրականացնել, սակայն հասկացանք, որ ժամանակի մեջ չենք տեղավորվում. հետևաբար կանգ առանք տաղավարային տարբերակի վրա. կարծում եմ վատ չի ստացվել: Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր արտիստներին, Արթուր Սաֆարյանին և իմ եղբայր Գևորգ Ալթունյանին՝ այս աշխատանքներին անմիջական մասնակցություն ունենալու և աջակցելու համար»,-ասաց պրոդյուսեր Րաֆֆի Ալթունյանը:

Նշենք, որ տեսահոլովակում նկարահանվել է նաև երգիչ Արսեն Սաֆարյանի որդին:

Երգիչը մեզ հետ զրույցում նշեց, որ որդու մասնակցությունը ինքնանպատակ չի եղել, քանի որ երգում կան տողեր, որոնք հենց մանկությանն են վերաբերում։

« Երգը ժանրային, ոճային առումով շատ մեղեդային ու տրամադրություն ստեղծող է: Մենք ցանկանում էինք ստանալ ձյան նման մաքուր ու անաղարտ տրամադրություն, ինչն էլ կարծես թե ստացվեց : Բայց, ամենակարևորը, ուզում էինք այդ երգի միջոցով սեր փոխանցել բոլորին, ինչը վերջին շրջանում պակասում է»։

Խոսելով արդեն նկարահանման պրոցեսի մասին՝ Արսենը պատմեց, որ ընդհանուր կտորները շատ դժվարությամբ են նկարահանել:

«Վաղուց չէինք հանդիպել ու հիշելու շատ բան կար. անընդհատ դադար էինք տալիս, քանի որ հումորը խեղդում էր մեզ: Բայց ի վերջո ստացվեց: Կարծում եմ այն տրամադրությունը, որ կար տաղավարում՝ սեր, կարոտ, հուշեր... մեզ հաջողվեց երգի միջոցով փոխանցել հանդիսատեսին: Անկեղծ ասած՝ ուզում էի վերնագրում անպայման լիներ ամանոր բառը, բայց այսպես էլ վատ չէ, կարևորը երգի ասելիքն էր»,-ասաց Արսենը:

«Միայն այն գաղափարը, որ ձայնագրման ստուդիայում, նկարահանման հրապարակում լինելու էինք ընկերներով, արդեն տրամադրություն էր ստեղծում»-,ասում է Զարուհի Բաբայանը:

«Առաջարկը եղավ Արսեն Սաֆարյանի կողմից, երբ երգը լսեցի՝ միանգամից համաձայնվեցի, քանի որ երգում կար նախատոնական հրաշք ասվածը: Իսկ արդեն նկարահանման տաղավարում կարոտի զգացողություն ունեի: Մենք անընդհատ հիշում էինք մեր միասին անցկացրած տարիները, իսկ այդ զգացողությունն ամենաթանկն էր ինձ համար»,-ասում է Զարուհի Բաբայանը: Երգի Պետական թատրոնի տարիները հիշել էր նաև երգիչ Գևորգ Մարտիրոսյանը:

«Այս երգում կյանք կա, մեղեդի կա, երազանք կա, իսկ տեսահոլովակը շատ ջերմ է ու բարի: Ճիշտ է՝ ամեն մեկս մի փոքր կտոր ենք երգում, բայց էականն այն է, որ մի գաղափարի շուրջ հավաքվել էինք բոլորս»,-ասում է Գևորգ Մարտիրոսյանը:

Ռուզան Անդրեսայանն էլ նշում է, որ ոճային առումով տարբերվող երգ էր ու հենց ձայնագրման ժամանակ շատերի մոտ արթնացրեց մանկության ու պատանեկության հուշերը՝ կապված նոր տարվա հետ: «Թող այս երգի բարի ու դրական էներգիան, էմոցիաները գալիք նոր տարում միշտ ուղեկցեն ձեզ: Իսկ ես ամեն Ամանորի փակում եմ անցած տարվա էջը, նոր պլաններ եմ ձեռնարկում, քանի որ դա նորի սկիզբն է»,-ասում է Ռուզան Անդրեասյանը: Ամբողջացնելով մեր զրույցը արտիստների հետ, Արսեն Սաֆարյանը նկատում է, որ ամանորի հրաշքին միշտ պետք է սպասել, քանի որ դա օգնում է ամբողջ տարին լինել լավատես:

«Ինձ միշտ թվում է, որ երբ 12-ին զանգերը հնչում են՝ հեքիաթային ինչ -որ բան է կատարվում: Ես մեծանում եմ, բայց զգացողությունս միշտ նույն է մնում: Եթե կարճ ամփոփեմ, ապա ամանորն ինձ համար նման է առեղծվածային, բարի ու հեքիաթային գիշերվա»,-եզրափակում է մեր զրույցը Արսենն ու բոլորին առաջարկում լսել, վայելել «Այս գիշեր» երգը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее