Նոյեմբերի 16-ին Երևանում տեղի ունեցավ Սոնայի և Manolo Y Los Gipsy համերգը: Առ այսօր շատերը հիշում են երգիչների «Luna en el Anima» երգը:
Կազմակերպիչների խոսքով՝ հենց երգիչների զուգերգի հաջողությամբ էլ պայմանավորված էր նրանց համատեղ համերգի անցկացումը Երևանում:
1.5 ժամ Սոնան և Manolo Y Los Gipsy-ն ներկայացան ինչպես իրենց անհատական, այնպես էլ համատեղ երգերով՝ ապահովելով հանդիսատեսի էներգիան:
Նշենք, որ համերգի բացումը արեց «Հայաստանի ձայնը» նախագծի հաղթող Ռաիսա Ավանեսյանը, ով նաև զուգերգով հանդես եկավ Սոնայի հետ, ով նախագծի շրջանակներում երգչուհու մարզիչն էր:
Սոնան խոստովանեց, որ երկար ժամանակ փորձում էր համոզել Ռաիսային վերադառնալ հայրենիք, ինչն անելը միայն հիմա հաջողվեց:
Սոնայի և Ռաիսայի համատեղ ելույթից հետո սկսվեց բուն համերգային ծրագիրը, իսկ Սոնան ներկաներին հիշեցրեց, որ շատ է կարևորում գրագետ մոտեցում ցանկացած հարցում, այդ թվում՝ խմիչք օգտագործելիս՝ ներկաներին հիշեցելով, որ համերգին զուգահեռ Հայաստանում առաջին անգամ անցկացվում է Arm Cocktail Festival-ը:
«Թե համերգը, թե բուն փառատոնն անցան շատ ջերմ մթնոլորտում, ամեն ինչ սպասվածից ավելի լավ եղավ: Մարդկանց քանակը, նրանց ոգևորությունը փաստում են, որ փառատոնը հաջողվել է: Ի վերջո, այս ամենն անցկացվում էր առաջին անգամ, շատերը մոտենում էին ինձ և շնորհակալություն հայտնում նման մակարդակի փառատոն անցկացնելու համար: Մեզ համար կարևորը է, որ ամեն ինչ անցկացվեր գրագետ, ինչը խմիչքների դեպքում շատ կարևոր է», - Asekose.am-ի հետ զրույցում նշեց Լիլիթ Գալստյանը, ով Arm Cocktail Festival-ի տնօրենն ու կազմակերպիչն է:
Վերջինս նշեց, որ փառատոնն անպայման լինելու է շարունակական, իսկ հաջորդ տարի այն անցկացվելու է ամռանը և ավելի մասշտաբային է լինելու: Լիլիթ Գալստյանի խոսքով՝ ունենալու են համաշխարհային հայտնի հյուր, սակայն անունը չցանկացավ նշել:
Լիլիթ Գալստյանի նշեց նաև, որ այս փառատոնի նպատակը հայկական խմիչքներով պատրաստվող կոկտեյլները ճանաչելի դարձնելն է:
«Շատ քիչ կոկտեյլներ կան, որոնք կարող են հայկական համարվել կամ պատրաստվել հայկական խմիչքներով: Մենք որոշեցինք անցկացնել այս փառատոնը, որի շրջանակներում կպատրաստվեն հայկական խմիչքով կոկտեյլներ, որոնք ունեն յուրահատուկ համեր: Փառատոնին մասնակցեցին երևանյան թվով 5 բարեր, որոնք կներկայացան յուրահատուկ կոկտեյլներով, ինչպես նաև ներկայացվեցին նոր կոկտեյլներ, որոնք շուկա կմտնեն և կներառվեն մենյուում»,- ասաց կազմակերպիչը:
Հավելենք, որ փառատոնին մասնակցում էին թվով 4 երևանյան բարեր, որոնցից լավագույնը ներկաների բաց քվեարկության շնորհիվ արժանացավ 500.000 դրամ պարգևավավճարի և «Տարվա լավագույն բար» կոչման սերտիֆիկատին:
Կազմակերպիչները հատուկ ընդգծեցին, որ չնայած փառատոնի հիմքում ալկոհոլային խմիչքներն էին, բայց ի ուրախություն իրենց՝ միջոցառման ընթացքում որևէ միջադեպ չի գրանցվել, իսկ հյուրերը հեռացել են բարձր տրամադարությամբ: