Ինչպես տեղեկանում ենք «SOS Գյումրի» նախաձեռնության ֆեյսբուքյան էջից, Գյումրիի անօթևան ընտանիքների խնդիրները լուծելու համար արդեն կա 22 բնակարան:
«Ուշադրություն, երկար ժամանակ գաղտնի ենք պահել, հիմա հրապարակում ենք։ Մեր 11 բնակարանները դարձան 22-ը։ Մենք արդեն սկսել ենք բնակարանների հանձնման գործընթացը, էմոցիաները շատ շուտով»,- գրված է նախաձեռնության ֆեյսբուքյան էջում։
Հայտնի է դարձել, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության բաժնետեր, «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը և «Գյումրին առանց տնակների» հիմնադրամը այսօր կնքել են պայմանագիր, ըստ որի՝ ևս 10-ը բնակարան է տրամադրվելու անօթևան ընտանիքներին:
Ընկերության աշխատակազմի կողմից կընտրվեն ծայրահեղ ծանր պայմաններում ապրող այն ընտանիքները, որտեղ բնակվում են երեխաներ, հաշմանդամ և տարեց մարդիկ: Բացի այդ, ընկերության ղեկավար անձնակազմի և կոլեկտիվի անձնական միջոցների հաշվին ձեռք է բերվում ևս երկու բնակարան՝ առաջնորդվելով դրանց բաշխման նույն սկզբունքներով:
Հիշեցնենք, որ վաղը` մարտի 19-ին, պետք է կայանա Մադրիդի Ռեալի ու «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբի, մարզական աշխարհի հայ ու օտարերկրացի լեգենդների ստորագրություններով մարզաշապիկների, մարզական գույքի լոտերի բարեգործական աճուրդ: