Երեկ կայքերից մեկը գրել էր այն մասին, որ ավարտվել է Արտակ Առաքելյանի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը, ըստ որի՝ 2014 թվականի նոյեմբերի 7-ին, ժամը 16-ն անց 30-ի սահմաններում Արտակ Առաքելյանը եղբոր հետ գնացել է Երևանի Պարոնյան փողոցում գործող «Ֆորում» ռեստորան, որտեղ վիճաբանության մեջ է մտել ռեստորանի տնօրեն Արտակ Գևորգյանի հետ: Արտակը փորձել է վրեժ լուծել «Ֆորում» ռեստորանում որպես մատուցող աշխատող եղբոր համար, որին տնօրենը վիրավորել էր, հարվածել ու հայհոյել նրա ծնողին:
Թեև այս դեպքը տեղի է ունեցել 2 տարի առաջ, սակայն նյութի մեջ տեղադրված է «Ֆորում» ռեստորանային համալիրի նոր պաստառը, որում ներկայացված են շոու բիզնեսի այն ներկայացուցիչները, որոնք հիմա են ելույթ ունենում ռեստորանում, որը, ի դեպ, 2015 թվականից արդեն ունի նոր սեփականատեր: Այս հանգամանքը առաջ է բերել «Ֆորում» ռեստորանի այժմյան տնօրեն, երգչուհի Արմինե Գրիգորյանի դժգոհությունն ու անհանգստությունը: Վերջինս Asekose.am-ի հետ զրույցի ընթացքում պատմեց, որ ռեստորանի այժմյան տնօրինությունը որևէ կապ չունի վերոնշյալ դեպքի հետ:
«Մենք 2015թ. օգոստոսի 8-ից ենք հանդիսանում այս ռեստորանի տնօրեն: Ռեստորանն արդեն տևական ժամանակ է, ինչ ունի այլ տնօրինություն և այլ շոու ծրագիր, այսինքն՝ այժմյան տնօրինությունը ոչ մի կապ չունի այդ դեպքի հետ: Առաջ ուրիշ մարդիկ են աշխատեցրել այն, այլ շոու է եղել: Թեև այդ դեպքը տեղի է ունեցել 2014թ, սակայն այժմ մեր անունն է վարկաբեկվում, քանի որ տեղադրել են մեր այժմյան պաստառի լուսանկարը»,-պատմեց Արմինեն:
Վերջինիս անհանգստացնում է հատկապես այն հանգամանքը, որ մարդիկ, տեղյակ չլինելով իրականությանը, մտածում են, որ դեպքը տեղի է ունեցել վերջերս:
«Երեկվանից անընդհատ զանգեր ենք ստանում մեր հաճախորդներից: Մարդիկ, ովքեր պատրաստվում էին մի քանի օրից մեզ մոտ միջոցառում նշել և նախապես սեղան էին պատվիրել, զանգահարում են ու ասում, որ ուզում են հետ վերցնել պատվերը, ինչը մեծ վնաս է հասցնում գործին: «Ֆորում» ռեստորանային համալիրը կորպորատիվ միջոցառումների համար է նախատեսված, և այստեղ նման դեպքեր չեն կարող լինել»,-նշեց երգչուհին՝ հավելեով, որ վերոնշյալ հրապարակումը շատ վատ հակագովազդ է իրենց համար:
«Սա պարզապես անհեթեթություն է: Չեմ կարող ասել սա միտումնավոր արված քայլ է, թե ուղղակի ոչ պրոֆեսիոնալիզմի արդյունք: Լրագրողներ կան, որոնք իրենց գործին լավատեղյակ չեն. կա՛մ ռեստորանի անունը վարկաբեկելու միտում են ունեցել, կամ՛ զլացել են ռեստորանի նախկին լուսանկարը գտնել»,-Asekose.am-ի հետ զրույցը եզրափակեց «Ֆորում» ռեստորանային համալիրի այժմյան տնօրեն, երգչուհի Արմինե Գրիգորյանը:
Հեղինակ՝ Լիլիթ Նավասարդյան