Հանրապետության հրապարակի մետրոյին հարակից տարածքում երեկ տեղի ունեցած «ՀուԶանք ուԶանգ» ներկայացումը որևէ կապ չունի Սորոսի, սատանիզմի եւ այլ պիտակավորումների հետ:
Այս մասին news.am-ի հետ զրույցում ասել է «Իմ քայլը» խմբակցության ավագանու քարտուղար Հասմիկ Խաչունցը, ով ներկայացման մասնակիցերի թվում էր:
«Սա 1920-ական թվականների հայ ֆուտուրիստ պոետների ժամանակակից վերընթերցում էր` միահյուսված ժամանակակից պարի, ճարտարապետության եւ հանրային տարածքում մարմնի ներկայության մասին: Սորոսի, սատանիզմի եւ այլ պիտակավորումների հետ ներկայացումը կապ չունի, եւ շատ կարեւոր է նշել, որ ժամանակակից արվեստ է կատարվում, որն անսովոր է, պետք է մարդկանց ճիշտ բացատրել: Ես բացարձակ նեղացած չեմ մարդկանցից: Միջոցառումը ֆինանսավորված է եղել Կրթության, գիտության սպորտի եւ մշակույթի նախարարության կողմից, այնպես որ պետական աջակցություն կա եւ այնտեղ հասկացել են` ինչի մասին է խոսքը»,- ասել է նա:
Անդրադառնալով ներկայացմանը որպես քաղաքական գործիչ իր մասնակցությանն ու դրա համար իրեն ուղղված քննադատություններին՝ Խաչունցն ասաց, որ պետք է դուրս գալ կոստյումով ու գեր տղամարդ քաղաքական գործիչների մասին պատկերացումներից, ապա ավելացրեց, որ ինքն իրեն ավելի շատ հասարակական գործիչ է համարում, քան քաղաքական։
«Տիպացնելով քաղաքական գործչի կերպարը, մենք հեռանում ենք հեղափոխության արժեքներից, որովհետեւ մենք ենք արել հեղափոխությունը եւ մենք նաեւ պատասխանատու ենք մշակութային հեղափոխության համար: Սա մշակութային հեղափոխության մի մասն է, որը վերհիշում է անցյալը, չի մոռանում ներկան եւ պատասխանատու է ապագայի համար»,– ասել է նա՝ ավելացնելով, որ ընկերական շրջապատում այս ներկայացման վերաբերյալ քննարկում եղել է, սակայն հիմնականում դրական կարծիքներ են հնչել:
Նշենք, որ մի խումբ երիտասարդներ խոչընդոտել էին միջոցառման իրականացումը, ինչից հետո քաշքշոց էր սկսվել։
Միջոցառումից մի հատված կարող եք դիտել ստորև ներկայացվող տեսանյութում։