Ամենախիստ կերպով դատապարտում ենք Medialab.am-ին` «Vahe» ստորագրությամբ հրապարակած երգիծանկարի համար: Սա այլեւս ոչ մի խոսքի ազատության դրսեւորում չէ, այլ` կատարյալ սրիկայություն, չարագործ սանձարձակություն. հաչս հանրության ծաղրվում է Սուրբ Ավետարանը, անարգվում է Տերունապատվեր սուրբ կարգը, վիրավորում է այդ ամենը սրբորեն պահող եւ իրականացնող ողջ հայ հոգեւորականությանը:
Անզգամ անձեր, ինչպես եք թույլ տալիս նման արարքներ: Եվ դուք` վատհոգիներ, ինչպես եք հավանում նման ստորությունները... Միանշանակ է, որ զուրկ եք բարոյականության նշույլից: Եթե այդպես եք մատնացույց անում որեւէ հոգեւորականի թերացումն ու տկարությունը, ուրեմն լսեք Տեր Հիսուս Քրիստոսի աստվածային խոսքը` «Եթե ձեր արդարությունն ավելի չլինի, քան դպիրներինը եւ փարիսեցիներինը, Երկնքի արքայունը չեք մտնի» (Մատթ. Ե. 20), որն իսկ դատելու է ձեզ թե՛ այս կյանքում, թե՛Դատաստանի ահեղ օրը, եթե դարձի չգաք եւ չքավեք ձեր անօրենությունները:
Այստեղ չեմ կարող լռել եւ չանդրադառնալ ավագշաբաթյա օրերին կատարված հրապարակումներին: Անզգամներ, մի՞թե այդքան կույր եք, որ չեք տեսնում, թե ինչպես են մեր թշնամիները պայքարում մեր Եկեղեցու դեմ թե՛ ի Հայաստան, թե՛ ի Սփյուռս... Ինչպես են օգտագործում որոշ ստահակների, որպեսզի ամեն կերպ վնասեն Հայոց Եկեղեցուն, այս դեպքում` ի դեմս Երուսաղեմի զինվորյալ միաբանությանը: Բայց ինչու ենք զարմանում` թշնամին միշտ էլ օգտագործում է իր թիրախի ներքին կամակատարներին, որոնք այս կամ այն ծառայությունն են մատուցում իրեն...
Սիրելի ընկերներ եւ բոլոր ընթերցողներ այս տողերի, գիտցած եղեք, որ շատերի համար զորեղ, պայծառ Հայոց Եկեղեցին անցանկալի է, իսկ որ այդ Եկեղեցին ծանրակշիռ, կարեւորագույն տեղ ունենա Երուսաղեմի պես համաշխարհային նշանակություն ունեցող վայրում` անհանդուրժելի: Ուստիեւ ժամանակ առ ժամանակ այսպիսի ստոր միջոցներ են ձեռնարկվում, որպեսզի հնարվեն եւ գործադրվեն անհաղթահարելի խոչընդոտներ... Իմաստություն եւ գիտակցություն ունեցող ամեն ոք կհասկանա:
Մի՛ տրվեք անտարբերության մեղքին, արիաբար ձա՛յն բարձրացրեք, Դուք էլ Ձեր հերթին դատապարտեցե՛ք այս սրիկայությունները:
Ասողիկ քահանա Կարապետյան
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի
Արխիվի եւ թանգարանների տնօրեն