Ռուսաստանի Նովոռոսիյսկ քաղաքում՝ գլխավոր տաճարի դիմաց, օգոստոսի 15-ին հայտնաբերվել է 55-ամյա տղամարդու մարմին։ Այս մասին հայտնում է kuban24.tv-ն: Աղբյուրը մանրամասնում է, որ տղամարդու մարմնի վրա առկա են հրազենային վնասվածքներ:
Կրասնոդարի երկրամասի քննչական կոմիտեի բաժնի ղեկավարի ավագ օգնական Նատալյա Սմյացկայան դեպքի հետ կապված մանրամասներ է ներկայացրել. «Տղամարդու մարմինը հայտնաբերվել է Գլադկովի փողոցում: Մահացածի ինքնությունը պարզվել է՝ նա ձեռնարկատեր էր»:
Հարուցվել է քրեական գործ երկու հոդվածներով՝ «Սպանություն» և «Զենքի անօրինական ներմուծում»: Հետաքննությունը շարունակվում է:
Ինչպես հայտնում են ռուսական լրատվամիջոցները, ոչ պաշտոնական տվյալներով՝ սպանվածը հայկական սփյուռքի ներկայացուցիչ է: