Արդեն տեղեկացրել ենք, որ «Եվրատեսիլ 2014» երգի մրցույթում Ռուսաստանը ներկայացնող Տոլմաչևա քույրերը եզրափակիչում են, սակայն տվյալ դեպքում պետք է նշենք, որ պակաս ուշագրավ չեն նաև այն քննարկումները, որոնք տեղի էին ունենում ռուսական հեռուստանախագծերում: Օրինակ, ըստ համացանցի օգտատերի` «Прямой ефир» հաղորդման շրջանակներում հյուրերի արձագանքն անառողջ էր, քանի որ հաղորդման մասնակիցներն անընդհատ շեշտում էին, որ իրենք ամենաուժեղն են, Ռուսաստանն ամենահզորն է և նմանատիպ այլ մտքեր էին հնչեցնում: Նույնիսկ եղան մարդիկ, ովքեր ասացին. «Ինչ լավ է, որ Ռուսաստանից բացի եզրափակիչում են նաև Հայաստանը և Ուկրաինան, չէ՞ որ նրանք էլ են մերոնք» կամ էլ «Մեր աղջիկներին սպասվում է մեծ համերգարշավ ոչ միայն Ռուսաստանում, այլև այն երկրներում, որոնք մեզ հետ պարտավոր են ընկերական հարաբերություններ պահպանել»:
Դե ինչ, առաջարկում ենք դիտել քննարկման «ոսկե» հատվածները, որից կարող ենք եզրակացնել, որ խորհրդային ոգին վերադարձել է ռուսական եթեր:
Հիշեցնենք, որ այսօր տեղի է ունենալու «Եվրատեսիլ 2014» երգի մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչը, որին մասնակցելու են Մալթան, Իսրաելը, Նորվեգիան, Վրաստանը, Ավստրիան, Լիտվան, Ֆինլանդիան, Իռլանդիան, Բելառուսը, Մակեդոնիան, Շվեյցարիան, Հունաստանը, Սլովենիան և Ռումինիան:
Եզրափակիչ փուլը մայիսի 10-ին է, որին կմասնակցի նաև Հայաստանի ներկայացուցիչը: