ԳԱԼԱ-ի փոխանցմամբ «Россия 1» հեռուստաալիքի աշխատակիցներն ու լրագրողները տեղյակ են, որ Հայաստանում գործող լրագրողների եւ հանրության կողմից բացասաբար են ընդունվել Նոր Մոսկվայում գրանցված ավտովթարի մասին լուսաբանումները, որոնք առնչվել են մեր հայրենակից, ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանին:
Այս մասին ԳԱԼԱ-ի փոխանցել են «Россия 1» հեռուստաընկերության աշխատակիցները: Հեռուստաընկերության ընդհանուր բաժնում ասացին, որ տեղյակ են այն մասին, որ մեծ աղմուկ են բարձրացրել հատկապես «Россия 1» հեռուստաընկերության լուսաբանումները, բայց ձեռնպահ մնացին մեկնաբանություններից, եւ ԳԱԼԱ-ի հետ զրուցակիցը չցանկացավ անգամ, որ հրապարակվի իր անունը: Իսկ լրատվության ծառայության աշխատակիցներից մեկը, ով ներկայացավ Յուլյա անունով, ասաց, որ ինքը տեղյակ է լրագրողների հայտարարությանը, որը հասցեագրվել է ՌԴ Ժուռնալիստների միությանը:
Հիշեցնենք, որ հայ լրագրողները որպես բողոքի նշան հայտարարություն նախաձեռնեցին, որում մասնավորապես ասվում էր.
«Ընդունեք մեր խորին ցավակցությունները հուլիսի 13-ին տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի եւ 18 մարդկանց մահվան կապակցությամբ: Երթեւեկության անվտանգության կամ շահագործման կանոնները խախտելու համար մեղադրանք է առաջադրվել ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանի նկատմամբ: Վերջին օրերին Ռուսաստանի Դաշնության մի շարք լրատվամիջոցներ եւ լրագրողներ, անդրադառնալով դեպքին, թույլ են տվել լրագրողի մասնագիտությանը ոչ հարիր էթիկայի նորմերի խախտումներ: Մասնավորապես` իրենց հրապարակումներում Հրաչյա Հարությունյանի ազգությունը նշելով՝ ակնհայտ բացասական երանգով են ներկայացրել նրա անձը` երբեմն վիրավորական արտահայտություններ հնչեցնելով նրա հասցեին: Այս հարցում աչքի են ընկել հատկապես հեռուստալրագրողները եւ, որ ամենացավալին է, Հրաչյա Հարությունյանի արժանապատվությունը նսեմացնող հրապարակումներով հանդես են եկել նաեւ պետական հեռուստաընկերության լրագրողները...»:
Հեղինակ`Քրիստինա Մկրտչյան
Հոդվածն ամբողջությամբ` կարդացեք այստեղ: