Մայրաքաղաքի կենտրոնում մարտի 5-ին բացված «Ռոսիա Մոլ» առևտրի կենտրոնը, որը թվով երրորդ նմանատիպ խոշոր առևտրի կենտրոնն է մայրաքաղաքում, ամբողջությամբ չի պատկանում «Սիլ կոնցեռն» ՍՊԸ-ի հիմնադիր Խաչատուր Սուքիասյանին:
Այս մասին գրել էր օrer.am-ը, նշելով, թե կայքի տեղեկությունների համաձայն`«Ռոսիա Մոլ»-ի 50 տոկոսը պատկանում է Ալեքսանդր Սարգսյանին: «Ստացվում է, որ «Ռոսիա Մոլ»-ը կյանքի չէր էլ կոչվի, եթե այդ շքեղ առևտրի կենտրոնում իր «փայը» չունենար նախկին պատգամավորը»,-գրել էր կայքը:
Խաչատուր Սուքիասյանի գրասենյակը արձագանքել է այս հրապարակմանը՝ նշելով հետևյալը.
«Վերջին օրերին համացանցում տարբեր, իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ և «բացահայտումներ» են շրջանառվում, որտեղ շահարկվում է Սուքիասյանների անունը: Այսօր դրանց ավելացավ նաև մի «տեղեկատվություն» առ այն, որ օրերս բացված Ռոսիա մոլլն ամբողջությամբ չի պատկանում Սուքիասյանների ընտանիքին: Նշված տեղեկությունը, մեղմ ասած, չի համապատասխանում իրականությանը: Ռոսիա մոլլը կառուցվել է Սուքիասյանների ընտանիքի կողմից և վերջինիս միակ սեփականատերը Սուքիասյան ընտանիքն է: Կոչ ենք անում զերծ մնալ նման ոչ պրոֆեսիոնալ գործելաոճից»: