Փետրվարի 20-ին ես այս գրառումն եմ արել էջիս, վերնագրելով այն «Րաֆֆու կայծերն ու խայծերը»: Վերջում երկընտրանք էի կանխատեսել` կա՛մ Րաֆֆին իրեն կդրսեւորի իբրեւ իր խոսքի ու ազգի քվեարկության տեր, կա՛մ նա կվերածվի մեր պատմության հերթական քարոզ, ժամ ու պատարագ անող «տերտերի»: Այսօր որոշեցի վերատպել այդ հոդվածը առանց փոփոխության, միայն վերնագիրն եմ նորացրել:
«Այս օրերի ու ժամերի ամենածանր զգացմունքն է սպասողական վիճակը: Միլիոնավոր հայեր ողջ աշխարհում սպասում են մեկի որոշմանը, մեկի վճռականությանը, մեկի հաստատակամությանը, մեկի համարձակությանը: Եւ մինչեւ որ մենք բոլորս սպասում ենք սրտատրոփ այս մեկին, ես նորից ու նորից ուզում եմ ասել` չի կարելի ողջ ազգի ու երկրի ճակատագիրը կախվածության մեջ դնել մեկ մարդուց: Ով էլ լինի այդ մարդը: Տարիներ շարունակ ասում եմ` ոչ մի տան տնտեսուհի բոլոր շորերը մի մեխի վրա չի կախում, ինչո՞ւ ենք այդ դեպքում համառորեն կախվում բոլորս մի մարդուց...
Հոգեմաշ այս սպասումն ու մեզնից շատերի սովորական դարձած հոռետեսությունը կրկին վկայում են ոչ միայն «նախագահական չընտրությունների» տրագիֆարսի անհեթեթության մասին, որը մշտապես պնդում էին «Սարդարապատ» շարժումն ու Նախախորհրդարանը, այլ նաեւ միայն այլընտրանքային իշխանության, Հիմնադիր ժողովի ստեղծման, առաջնորդող մի ողջ խմբի միջոցով հաղթանակի հասնելու հրամայականը: Այսօր այս առաջարկները, այս նույն բանաձեւերը հնչում են տարբեր կողմերց, բայց խնդիրը բոլորովին էլ մեր «հեղինակային իրավունքները» չեն, այլ դա իրագործելու քաղաքական կամքը: Մենք պնդում էինք դա 2009-2011 թթ., երբ ՀԱԿ-ի վերնախավը մերժում էր «Սարդարապատի» հորդորը` հրաժարվել կռապաշտությունից ու միավորել ազգը համակարգի ապամոնտաժման եւ նոր որակի ազգային պետական համակարգ ստեղծելու գաղափարի շուրջը: Ընդդիմությունը սխալմամբ հավատաց, որ զայրացած ժողովրդի միլիոնավոր քվեները տրվել էին հօգուտ մեկ մարդու, այլ ոչ թե համակարգի դեմ: Մի՞թե հինգ տարի անց Րաֆֆին կրկնելու է Լեւոնի սխալը: Հինգ ժամ է մնացել նրա հերթական վերջնաժամկետի ավարտին:
Մի՞թե այս հինգ ժամերի սպասումը կվերածվի մեր կյանքից, մեր երեխաների ապագայից, մեր երկրի պատմությունից գողացված հերթական հինգ տարիների:
Ես եղել եմ Րաֆֆու կողքին 2005 թվականի նոյեմբեր-դեկտեմբերին, երբ նա բազմահազարանոց հանրահավաքներ հրավիրեց Օպերայի մոտ, իսկ հետո... երկրից հեռացավ մի քանի ամսով: Ես եկել էի ու մնացի Րաֆֆու կողքին 2011 թ. նրա հացադուլի առաջին գիշերը, երբ անգամ նրա կուսակիցներից դեռ ոչ ոք չկար: Այս անգամ Րաֆֆու կողքին, միայն պաշտոնական տվյալներով, կես միլիոնից ավել մարդ կա: Եթե նա այս ամենը վերագրի սեփական անձին, եթե նա ականջ դնի օտար դեսպանների խորհուրդներին, եթե քաղաքական ու կուսակցական գործարքի գնա, ինչպես արել էր Լեւոնը, մենք բոլորս պարտվելու ենք:
Եթե նա վստահի հասարակությանն այնպես, ինչպես հասարակությունը վստահեց նրան, եթե նա անցնի Ազգային փրկության խորհրդի, Հիմնադիր ժողովի, լայն քաղաքացիական ճակատի ստեղծմանը, ապա նա կհաղթի: Մենք կհաղթենք: Այսօր, ոչ թե արտագաղթով ու դառնությամբ լցված տարիներ հետո: Հայոց պատմության բանաձեւն այսպիսին է` ԿԱՄ ՏԵՐ, ԿԱՄ ՏԵՐՏԵՐ...
Տիգրան Խզմալյանի գրառումը
Ֆեյսբուք