Գիտեք քյոզն ինչ ա՞: Սպիտակում չեմ ծնվել, բայց մինչև 8 տարեկան ապրել եմ, քանի որ հայրս քաղխորհրդում մի կարևոր պաշտոն ուներ:
Սպիտակը գտնվում է Հայաստանի հյուսիսում և այնտեղ ամառը կարճ է ու զով: Ամառային երկար երեկոներին մեր բակի փոքրաթիվ մարդիկ սիրում էին խարույկ անել ու շուրջը նստելով տարբեր պատմություններ պատմել, մեզ էլ փոքրերիս թողնելով իրենց կողքին մինչև ուշ գիշեր: Մեր շենքը երկհարկանի էր, ուներ երկու մուտք, այստեղ ապրում էր քաղաքի մտավորականությունը: Մեր բակի ձախ կողմում հայկական դպրոցն էր: Փողոցի անունը արդեն չեմ հիշում, հիմա դա պահպանված դժվար լինի կործանարար երկրաշարժից հետո, սակայն այդ փողոցի վերջում գտնվում էր Գաստրոնոմը, իսկ մյուս ծայրում Քաղխորհրդի խաչմերուկն էր, որի հենց աջ կողմում Գարուն կինոթատրոնն էր: Սա էր իմ փոքրիկ թագավորությունը, որ ամեն օր անցնում էի իմ Դեսնա հեծանվով, իմ տարիքի տղաների նախանձոտ հայացքների ներքո: Հայրս դեռ որդի չուներ ու իմ վրա էր դրված նրա որդի ունենալու ձգտման ողջ պատասխանատվությունը: Ասեղնագործության խմբակ հաճախելու փոխարեն, ես ողջ օրը հեծանվով չափչփում էի Սպիտակի փողոցները: Փոքրիկ քաղաք Սպիտակը իմ մանկության հսկա տիեզերքն էր:
Ուշ երեկոյան խարույկը սկսում էր քիչ քիչ մարմրել ու երիտասարդները բացում էին դեռ տաք խանձուրները ու խարույկի կենտրոնում լցնում կարտոֆիլ, հետո արագ ծածկելով այն փայտե տաք ածուխներով: Ու բոլորս փոքր թե մեծ սպասում էինք քյոզին: Վերևում աստղերն էին, մեկը մյուսից պարզորոշ գծագրվում էին համաստեղությունները, իսկ ներքևում ինձ շատ հարազատ դարձած մարդիկ էին՝ նստած մարմրող խարույկի շուրջ: Պատրաստվող կարտոֆիլը 70-ականների կարտոֆիլն էր, Սպիտակի կարտոֆիլը, որ հայտնի էր իր կաղամբով, բազուկով ու կարտոֆիլով: Սպիտակցիները կաղամբը գնացքով մինչև Սիբիր էին հասցնում, շատ գործնական էին ու ապրում էին ունևոր կյանքով:
Ինչքան եմ պտտվել Սպիտակի շաքարի գործարանի մոտերքում, միշտ սեպտեմբերին բարձր դասարանցիներին տանում էին բազուկի բերքահավաքին: Երկրաշարժի ժամանակ ասում էին գործարանից դուրս հորդած շաքարի շիրան լավայի նման հոսել էր փողոցներով ու հասել մինչև Գաստրոնոմ: ՈՒ մարդիկ էն սարսափելի օրերին, ցրտին ցեխի ու մոխրի միջով անցնում էին էդ անտեղի, իրավիճակին ոչ համապատասխան, քաղցրության միջով: Մանկությանս հրաշքը ջնջվեց, ծանոթ մարդիկ ու տարածքները հոդս ցնդեցին ու վեր ածվեցին տեսիլքների: Մնացել են միայն ինչ որ մտապատկերներ, որ ժամանակ առ ժամանակ վեր են հառնում հիշողությանս անհայտ տեղերից ու լուսավորում հոգիս իրենց ջերմությամբ: Քյոզը՜…
Ձմեռը Սպիտակում տևում է շատ երկար մոտ 8 ամիս, գարունն ու աշունը կարճ էին ու բավական սառը և քյոզի հիշողությունը դեռ երկար պիտի ջերմացներ մեզ:
Որոշ ժամանակ անց կարտոֆիլը եփվում էր, կեղևը ածուխի նման սևանում էր, բայց միջուկը փխրուն ու սպիտակ էր՝ աստվածային, աննկարագրելի համով: Մայրս արդեն տնից բերած էր լինում կարագի ափսեն, որի մեջ մանրացրած կարագն էր ու աղը: Մեզ փոքրերիս առաջինն էին բաժին հանում կարտոֆիլից:
- Ան, քո նման փոքրիկ ա,- ուրախ ասում էր ալրաղացի տնօրենի որդին Արմենը: Ու ես երջանկությունից փայլող դեմքով դեմ էի անում նրան իմ փոքրիկ մետաղյա թասը: Ածխացած կեղևով տաք կարտոֆիլը արդեն իմն էր ու մայրս արագ փոքր դանակով մի փոքր կտրվածք էր անում դրա կեղևը ու մեջը դնում կարաքի մի փոքրիկ կտոր, ու վրան աղ անում: Ես անհամբեր սպասում էի, որ կարագը հալվեր ու ներծծվեր ողջ կարտոֆիլով, ու երբ վերջապես կարտոֆիլս մի քիչ հովանում էր, հանում էի կեղևի վերևի շերտը ու փոքրիկ գդալով վայելում էի իմ կարտոֆիլը: Ի՜նչ աստվածային համ էր ունենում էդ կարտոֆիլը, նստած գիշերային աստղազարդ երկնքի տակ, խոտերի վրա գցված տաք ծածկոցին, ծնողներիս կողքին, որ ինձ համար աշխարհի ամենագեղեցիկ երիտասարդ զույգն էին ու լսում դեռ շարունակվող պատմություններն ու լեգենդները Հացավանից մինչ Սպիտակ:
Երբեք այլևս ոչ մի կարտոֆիլային ճաշատեսակից չեմ զգացել էդ համը ինչ քյոզից, ու գիտեմ որ եթե հիմա մեկնեմ Սպիտակ ու փորձեմ կրկնել այն օրերի խարույկային տոնախմբությունը, այլև դժվար 40-անց մի կնոջ քիմքին, որի հոգում էնքան դառնություն կա, դուր գա 21-րդ դարի կարտոֆիլը:
Ճռիկների ճռռոցը ու զով քամին, քիչ-քիչ քնացնում էին մեզ ու միշտ զարմանում էի, թե ինչ նրբությամբ էին ծնողներս ինձ ու մրոտված քրոջս տանում մեր առաջի հարկի բնակարանը ու տեղավորում անկողնում, որ էդ քյոզը միշտ ինձ թվում էր մի տեսիլք, որ տեսել էի քնած ժամանակ երազում:
Ու երբեմն թվում է թե Սպիտակն էլ մի սպիտակ երազ էր իր ալրաղացով, կարի ֆաբրիկայով, շաքարի գործարանով, երեք թե չորս դպրոցներով, սովետական քաղխորհրդով, փոքրիկ զբոսայգով ու լճակով, ծնողներիս երիտասարդությամբ ու էկոլոգիապես մաքուր կարտոֆիլով…
Լուսինե Գևորգյանի գրառումը
Ֆեյսբուք