Դատարանը մերժել է ՔՊ-ական, նախկին մարզպետ, այժմ՝ պատգամավոր Տրդատ Սարգսյանի հայցն ընդդեմ իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի:
Հիշեցնենք՝ Տրդատ Սարգսյանը վիրավորվել էր Ավետիք Իշխանյանի կարծիքից և անգամ պահանջել դրամական փոխհատուցում՝ ֆեյսբուքյան գրառման համար:
Հայցը վերաբերում է անցյալ տարվա հուլիսին կատարված գրառման հետևյալ հատվածին․ «Այսօր մահացավ 2019 թ․ ՔՊ-ականների կողմից դաժան ծեծի ենթարկված և չորս տարի կոմայի մեջ տառապող փոխգնդապետ Արա Մխիթարյանը։ Արա Մխիթարյանը ՔՊ-ական ռեժիմի առաջին զոհերից էր։ Եվ ոչ մի ընդվզում, բողոք։ Փոխգնդապետի ծեծի ու մահվան պատասխանատու ՔՊ-ական մարզպետն այժմ ԱԺ պատգամավոր է և վայելում է նույնպես ՔՊ-ական ցոփ ու շվայտ կյանքը»։
Դատարանն ամիսներ տևած քննությունից հետո օրերս կայացրել է որոշում՝ մերժելով Տրդատ Սարգսյանի՝ զրպարտություն պարունակող տվյալները հերքելուն պարտավորեցնող և պատճառված ոչ նյութական վնասի փոխհատուցում պահանջող հայցը:
Ավետիք Իշխանյանի փաստաբան Զարուհի Նախշքարյանը գոհ է դատական ակտից. 168.am–ի հետ զրույցում նա մասնավորապես նշել է.
«Դատարանը համարել է, որ երկու դրվագներով էլ Ավետիք Իշխանյանը գնահատողական դատողություններ է արտահայտել, ինչի սահմանադրական իրավունքն ունի՝ ինչպես յուրաքանչյուր քաղաքացի»:
Հիշեցնենք նաև, որ Արա Մխիթարյանը 2019 թվականին Եղեգնաձորում խմբակային, դաժան ծեծի էր ենթարկվել։ Դեպքից հետո կալանավորվել էին Տրդատ Սարգսյանի օգնականն ու եղբայրը:
Ավելի ուշ նրանք ևս ազատ արձակվեցին:
Ի դեպ, ըստ լրատվամիջոցների՝ դեպքին ներկա էր եղել անձամբ մարզպետը:
Դիտեք նաև՝