armtimes.com-ը գրում է. ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի վարչության նորանծանակ պետ Սերգեյ Ավետիսյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր ունեցվածքի եւ եկամուտների հայտարարագիրը պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ: Համաձայն հայտարարագրի, Ավետիսյանը բազմաբնակարան շենքում ունի մեկ բնակարան:
Քաղաքացիական ավիացիայի վարչության պետը, ով բացառապես աշխատել է պետական համակարգում(2003 -2009 թթ. ՀՀ կենտրոնական բանկ, բանկային վերահսկող, 2009-2014 թթ. ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի ղեկավար, 2014-2016 թթ. ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ, 2016 թ. հունիսի 8-ից՝ ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ), հայտարարագրել է 100 միլիոն դրամ եւ 70 հազար ԱՄՆ դոլար:
Բարձրաստիճան պաշտոնատար անձի պաշտոնական պարտականություններն ստանձնելու տարվա հունվարի 1-ից մինչեւ պաշտոնական պարտականություններն ստանձնելու օրն ստացված եկամուտները կազմել են մոտ 3 միլիոն ՀՀ դրամ (2.9 միլիոն):
Սերգեյ Ավետիսյանի կինը՝ Աննա Եղիազարյանն էլ նախորդ տարի 100 հազար դրամ արժողությամբ բաժնեմաս է օտարել, սակայն հայտարարագրում չի նշվում, թե որ ընկերությունում է նա բաժնեմաս ունեցել: Աննա Եղիազարյանն ունի 40 հազար ԱՄՆ դոլար, իսկ աշխատավարձից 1.7 միլիոն դրամ եկամուտ է ստացել: Գույքի օտարումից եւ աշխատավարձից նա ստացել է ընդհանուր առմամբ 7.8 միլիոն դրամ եկամուտ:
Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում