Փշալարով մեքենա եք կանգնեցրել ԱԺ-ի բակում. Արթուր Խաչատրյան
«Չափը որոշվում ա օրենքով, պարո՛ն Սուքիասյան, և ոչ թե՝ օրենքը խախտելով։ Երեկվանից ԱԺ բակում փշալարով մեքենա է կանգնած, այդպե՞ս եք չափը գծում»,- ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքասյանի խոսքին, թե ընդդիմությունը պետք է իր չափը ճանաչի, պատասխանեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։ Նա իր ելույթում անդրադարձավ նաև ՔՊ-ականների դիրքոշումներին՝ Կիրանցում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ․ «ՔՊ-ն ՔՊ չէր լինի, եթե իրա կրեդոյին հավատարիմ չլիներ՝ մեղավոր են բոլորը, իրենցից բացի։ Եվ քանի որ գիտեին, որ այդ քարտեզները կերևան, կհամադրվեն այլ փաստաթղթերի հետ, ասում են՝ չէ, կիրանցցիներն են մեղավոր, այ, եթե չբողոքեին, չընդվզեին՝ քարտեզն ավելի լավը կլիներ։ Դրանով ավանսով ինդուլգենցիա եք առնում, որովհետև ասում եք, թե սահմանազատումը լինելու է նույն սկզբունքով, իսկ նույն սկզբունքը միակողմանի կապիտուլյացիան է։ Ըստ ձեզ, մեղավոր են նաև ղարաբաղցիները, որ Ղարաբաղը տվեցին։ 100 հազար ղարաբաղցի պետք ա կռվեր 10 մլն Ադրբեջանի դեմ, սա այն դեպքում, երբ առաջին անգամ Հայաստանը դավաճանեց իր հանձնառությանը՝ որպես Արցախի անվտանգության երաշխավոր»։ |