ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը թելեգրամյան իր ալիքում գրում է․
«Կարծում եմ՝ մարդիկ ապրում են երեկվա օրով՝ չգիտակցելով, որ այսօր Փաշինյանն այլևս չի կարողանում համոզել իր աջակիցներին։ Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններն արդեն հասկանալի են նույնիսկ նրանց համար, ովքեր նախկինում տրվել են ինչ-որ պատրանքների։ Այսօր Փաշինյանի իշխանությունը հիմնվում է երկու բանի վրա՝ բռնաճնշումների, որոնք կապված են մեծաթիվ իրավապահների առկայության հետ, և վախի, որը փորձում են ներշնչել հայ ժողովրդին՝ «եթե չլինի Փաշինյանը, պատերազմ կլինի»։ Ուզում եմ ուշադրություն հրավիրել այն բանի վրա, թե ինչպես են այսօր Լեռնային Ղարաբաղի տարածքում վերանվանվում վանքերը և յուրացվում հայկական եկեղեցու անցյալը։ Առաջ է քաշվում տեսություն, թե դրանք ամենևին էլ հայկական չեն, այլ՝ ալբանական վանքեր ։ Իսկապես, ժամանակին եղել է ալբանական եկեղեցի, որը հայկական եկեղեցու մաս է կազմել, և կան մոտ 10 000 ուդիներ․ նրանց այսօր փորձում են ներկայացնել որպես այդ եկեղեցու օրինական ժառանգներ, որն, իբր հայկական չէ։ Ժամանակին, երբ մեր խաղաղապահները 2020թ․ մտան Ղարաբաղ, հայկական կողմի խնդրանքով առանձին պահակետ դրվեց Դադիվանքի վանքում, որը պատասխանատվության գոտու մեջ չէր մտնում, բայց դրվեց այն պատճառով, որ հայկական կողմը պնդում էր, որ այդ վանքի պահպանումը կարևոր է։ Այսօր, գիտեք, այնտեղ ոչ մի պահակետ չկա, և այդ վանքն արդեն վերանվանվել է ադրբեջանական տառադարձությամբ։ Սա ուղղակի մշակութային-պատմական ժառանգության դեմ հանցագործողություն է, և ես կարծում եմ, որ դա անպայման պետք է մտնի մեր ամփոփիչ հայտարարության մեջ»։