Մհեր Մկրտչյանի այրին` դերասանուհի Թամար Հովհաննիսյանը, ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«ՈՉ, լույսը հեռու չէ, հիմա գիշեր է, բայց լուսաբացը շատ մոտ է...
Երիտասարդ էի, մի ամառ Սևանի գրողների հանգստի տանն էի, հասակակից ընկերներով որոշեցինք կղզու գագաթին Աստծո ձեռքով շինված Աստվածածին եկեղեցու պատերի տակ, Աստծու փեշի տակ դիմավորել լուսաբացը: Ամբողջ գիշեր սպասեցինք, մի վայրկյան աչքներս չկտրելով երկնքից, երեխա էինք: Ժամը չորսին մոտ անհավատալի բան կատարվեց: Կարծես Տեր Աստված ինքը մի ահռելի թրով ճեղքեց երկինքը ու լույսը երևաց ու սկսեց տարածվել: Մոտ կես դար է անցել այդ օրից, մինչ հիմա չեմ մոռանում ապշահար բառերս. «Ես չգիտեի, որ լույսը միանգամից է բացվում»: Ես հիմա գիտեմ, որ լույսը միանգամից է բացվում, մի հարվածով, մի կտրուկ ակնթարթով: Պարզապես պետք է կույր չլինել, աչք չփակել, անտարբեր չմնալ, որ այդ ակնթարթը բաց չթողնենք »: