Դերասան, ռեժիսոր Տիգրան Նալչաջյանը շուտով հանդիսատեսի դատին կհանձնի «Դասարանցիները» գեղարվեստական նոր ֆիլմը: Պրեմիերան տեղի կունենա մարտի 4-ին, իսկ մարտի 5-ից այն հասանելի կլինի նաև հանդիսատեսի համար: Ֆիլմի անվանումից արդեն իսկ կարելի է ենթադրել, որ այն պատանիների մասին է, սակայն Տիգրան Նալչաջյանը Asekose.am-ի հետ զրույցում նշեց, որ այն ամենևին երեխաների համար չէ:
««Դասարանցիները» ֆիլմը դպրոցական բարձր տարիքի աշակերտների մասին է և հիմնական թիրախային խումբը, գուցե, կարելի է համարել հենց դպրոցականներին, սակայն հարկ եմ համարում նշել, որ սա իր ժանրով մանկական ֆիլմ չէ: Այն 12+ է և նախատեսված է բոլորի համար: Կոմեդիայի և դրամայի ժանրային համակցություն է, և ֆիլմում կան ինչպես թեթև, ուրախ և հումորային տեսարաններ, այնպես էլ հուզիչ և դրամատիկ պահեր: Այնպես որ հանդիսատեսի համար կապահովվի զգացմունքների և զգացողությունների բազմազանություն: Ֆիլմը կարելի է գնալ դիտելու զույգերով, ընտանիքով, ընկերներով, նախկին և ներկայիս դասարանցիներով և համակուրսեցիներով, այնպես որ թիրախային լսարանը բավական ընդարձակ է»:
Թեմայի ընտրությունն էլ Տիգրան Նալչաջյանը բացատրեց այն բանով, որ դասավանդում է դեռահասներին և տեղյակ է, թե նրանց որ հարցերն են հուզում.
«Երկար տարներ աշխատելով պատանեկան և ուսանողական տարիքի դերասանների հետ՝ միշտ ցանկացել եմ ֆիլմ նկարահանել նրանց հուզող թեմաներով: Ինքս դեռևս լինելով երիտասարդ՝ շատ լավ գիտեմ նրանց ճաշակն ու նախընտրությունները տարբեր հարցերում, նպատակներն ու հուզող խնդիրները, այդ իսկ պատճառով սցենարի վրա աշխատելիս այդ փորձն ինձ շատ օգնեց»:
Ռեժիսոր- դերասանը նշեց, թե ովքեր են նկարահանվել «Դասարանցիներ»-ում, և ինչպես է կատարվել դերաբաշխումը.
«Ֆիլմում նկարահանվել են «Սթեյջ 7» դերասանական ստուդիայի իմ սաները, որոնցից ամենահայտնին Ստեփան Հովհաննիսյանն է: Նրանք, ովքեր դիտել են «Արթնացիր» ֆիլմը, կտեսնեն նաև Օֆելյա Հարությունյանին, ով այնտեղ գլխավոր դեր էր խաղում և Լիլյա Գևորգյանին, ով երկրորդ պլանի դերով էր հանդես գալիս:
Ունենք նաև հրավիրված դերասաններ՝ Ռոբերտ Հակոբյանը՝ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնից, Սահակ Դուրյանը, ով նկարահանվել է 40-ից ավելի ռուսական ֆիլմերում, և սա իր առաջին դերն է հայկական կինոյում, Էլեն Գևորգյանը, ով հանդիսատեսին հայտնի է «Անմոռանալի օր» ֆիլմում իր գլխավոր դերակատարմամբ, ճանաչված մոդել Էլեն Սահակյանը, Մարգարիտա Հունանյանը և այլք»:
Տիգրան Նալչաջյանի խոսքով՝ «Դասարանցիները» ուսուցողական է և մոտիվացնող.
«Ըստ իս, ֆիլմը շատ կարևոր խնդիր է լուծում: Բացի դինամիկ և հետաքրքիր սյուժեից՝ այն կրում է նաև դաստիարակչական բնույթ, ուսուցողական է և մոտիվացնող: Ֆիլմում կտեսնեք դասարան, որի աշակերտները միշտ համախմբվում են իրենց նպատակի շուրջ, համատեղ կայացնում որոշումներ և կատարում իրենց քայլերը: Ամեն ինչ փոխվում է այն ժամանակ, երբ գալիս է նոր դասղեկ, ով պարզվում է՝ ոչ մի կապ չունի մանկավարժական աշխատանքի հետ: «Դասարանցիները» ֆիլմը մարտի 5-ից կցուցադրվի բոլոր կինոթատրոններում: Միանգամից ասեմ, որ Ամանորին հեռուստացույցով ցույց չեն տալու և համացանցում չի հայտնվելու»: