▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փաստաբանների պալատը նկատողություն հայտնեց ատելության խոսք հնչեցրած փաստաբան Գալիկյանին

Փաստաբանների պալատի խորհուրդն այսօր կարգապահական պատասխանատվության ենթարկեց փաստաբան Գարիկ Գալիկյանին, որն ATV հեռուստաընկերության «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի ընթացքում ատելության խոսք էր հնչեցրել ԼԳԲՏԻ անձանց հասցեին:

Հիշեցնենք, որ փետրվարի 19-ին հեռարձակված հաղորդման ժամանակ հաղորդման հերոս Էդգար Կարապետյանը բարձրաձայնել էր այն մասին, որ իրեն աշխատանքի չեն ընդունում իր սեռական կողմնորոշման պատճառով: 
Փաստաբան Գարիկ Գալիկյանը, որն իբրև փորձագետ մասնակցում էր հաղորդմանը, իր խոսքում ասել էր. «Ես պայքարել եմ իրենց (ԼԳԲՏԻ անձանց – խմբ.) դեմ, պայքարում եմ և պայքարելու եմ: Երբ տեսնեմ՝ տրորելու եմ, ոտնատակ եմ տալու, պետք է վառել… Դուք գիտե՞ք իր նմանների պատճառով որքան մարդիկ են բերդերում փտում: Այո՛, միշտ տրորել եմ, տրորելու եմ ու միշտ գնալու եմ տենց էլ առաջ»:

Հաղորդման հեռարձակումից հետո «Նոր Սերունդ» հասարակական կազմակերպությունը դիմել էրփաստաբանների պալատի նախագահին՝ Գարիկ Գալիկյանի դեմ փաստաբանական վարույթ հարուցելու պահանջով:

Մի շարք հասարակական կազմակերպություններ համատեղ դատապարտող հայտարարություն էին տարածել. որով նույնպես Փաստաբանների պալատից պահանջում էին կարգապահական վարույթ հարուցել Գալիկյանի նկատմամբ: 

Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը, քննության առնելով «Նոր սերունդի» դիմումը, որոշել էր Գալիկյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցել, բայց որոշման եզրահանգման հատվածում էլ այնպիսի վիճահարույց մեկնաբանություններ էր հավելել, որոնք սոցիալական ցանցերում օգտատերերի բողոքի ու քննադատության պատճառ էին դարձել: Արա Զոհրաբյանը մասնավորապես նշել էր, թե «երկու տղամարդու և երկու կնոջ միությունն անբնական է, քանի որ ֆիզիոլոգիական հատկանիշներով նրանց ինքնին չի օժտում որդեծնությամբ: Հիշյալ մոտեցումն ամրագրված է նաև հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում բացառիկ նշանակություն ունեցող քրիստոնեական կրոնում»:

Ինչևէ, հարուցված վարույթի առնչությամբ այսօր Պալատի խորհուրդը նիստ էր հրավիրել: Նիստին չէին ներկայացել ո՛չ դիմող և ո՛չ էլ պատասխանող կողմերը, որոնք նաև ներկայացուցիչներ չէին ուղարկել: 

Գալիկյանը կարգապահական վարույթի ընթացքում առհասարակ հրաժարվել է բացատրություններ ներկայացնել կամ առարկություններ հայտնել, իսկ դիմող կողմը դիմումից բացի Պալատ էր ուղարկել ևս մեկ գրություն՝ վերահաստատելով խնդրի վերաբերյալ իր մտահոգություններն ու դիրքորոշումը: 

Վարույթը նախապատրաստած Արթուր Մարտիրոսյանը նիստի ժամանակ նշեց, որ հաստատված է համարում այն հանգամանքը, որ Գարիկ Գալիկյանը հաղորդմանը մասնակցել է որպես փաստաբան, թեև իր դիրքորոշումը հայտնելիս, խոսելով նույնասեռական անձանց մասին, ասել է. «Ես, որպես ՀՀ քաղաքացի, նրանց չեմ ընդունում»: 

Ըստ Մարտիրոսյանի՝ Գալիկյանի՝ հաղորդմանը որպես փաստաբան մասնակցելու հանգամանքը հաստատելու համար բավական է մատնանշել միայն այն փաստը, որ Գալիկյանի խոսքի ժամանակ հեռուստաէկրանին տողատակում գրվել է «Գարիկ Գալիկյան. Գալիկյան փաստաբանական գրասենյակի տնօրեն»: 

Գործի քննության ընթացքում հետազոտվեց հեռուստահաղորդման տեսագրությունը, այլ էական հանգամանքներ քննության առարկա չդարձան, և խորհուրդը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու:

Խորհրդի որոշման համաձայն՝ Գալիկյանը խախտել է Փաստաբանի վարքագծի կանոնագրքի 2.2.3 կետը, համաձայն որի՝ «Մասնագիտական, հասարակական, հրապարակախոսական և այլ բնագավառներում իր գործունեությամբ փաստաբանը պետք է նպաստի փաստաբանի մասնագիտության բովանդակության և հասարակական կոչման նկատմամբ հարգանքի ձևավորմանն ու ամրապնդմանը»:

Խորհուրդը որոշեց Գալիկյանի նկատմամբ իբրև կարգապահական տույժ կիրառել նկատողությունը: 

Աղբյուրը`  lgbtnews.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее