▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ով աչք ունի` կտեսնի...Հերմինե Նաղդալյանը պետք է ներողություն խնդրի Սայաթից

«Մեր ոստիկանության շատ գրագետ աշխատանքը մեր բոլորի աչքի առաջ են եւ աչք ունեցողն այդ փոփոխություններն անպայման կտեսնի»,-այս շաբաթ հայտարարեց ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը՝ ՀՀԿ ԳՄ նիստից հետո՝ համոզմունք հայտնելով, որ ՀՀ իշխանությունները, ոստիկանությունն ու նաև Ազգային անվտանգության ծառայությունը երկրում հուլիսի 17-ից 31-ն ընկած ժամանակահատվածում ստեղծված իրավիճակից դուրս գալու համար շատ գրագետ աշխատանք են ցուցաբերել:

Անցած օրերի ընթացքում անդադար  մտածում էի, թե արդյոք Հերմինե Նաղդալյանի այս խոսքերը լսեց ցուցարարների վրա Սարի թաղում տեղի ունեցած  հարձակման ժամանակ աչքը կորցրած Սայաթ Հարությունյանը

Ու եթե լսեց՝ ինչ մտածեց... 

Երանի թե չլսեր, որովհետև հատկապես նրա համար վիրավորական պիտի լիներ Հերմիեն Նաղդալյանի  այդ արտահայտությունը:

Իսկ ինքը՝ Հերմինե Նաղդալյանը լսել է արդյոք Սայաթ Հարությունյանի հետ տեղի ունեցած դժբախտության մասին, կամ տեսել է արդյոք նրա լուսանկարները, կարդացել է արդյոք  նրա չիրականացած փոքրիկ նպատակի՝ ծննդյան օրվա համար հագուստ գնելու մասին, ինչի համար էլ եկել էր Երևան...

Հատուկ Հերմինե Նաղդալյանի համար ուզում եմ ասել, որ այսօր՝ օգոստոսի 8-ին Սայաթ Հարությունյանի ծննդյան օրն է...

Չեմ կարծում, թե Սայաթի համար ոգևորիչ կլինի, եթե ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը զանգի ու զորակցություն հայտնի Սայաթին, որը համարյա տարեկիցն է իր որդու, որը, ի դեպ, ըստ ասեկոսեների՝ հայոց բանակում չծառայելու նպատակով սովորում է Մոսկվայում՝ ՌԴ ԱԱԾ-ի բարձրագույն ուսումնական հաստատությունում: 

Չեմ կարծում, որ արժի, որ Հերմինե Նաղդալյանը զանգահարի Սայաթին,առողջություն մաղթի ու  շնորհավորի նրա ծնունդը:  

Բայց մտածում եմ, որ պետք է անպայման Հերմինե Նաղդալյանը ներողություն խնդրի Հայաստանի քաղաքացի,  Գեղարքունիքի մարզի Շատվան գյուղի բնակիչ  Սայաթ Հարությունյանից, որովհետև ցավոք,  նրա մի աչքն այլևս չի տեսնի ոստիկանության բարեփոխումները, որով այդքան հպարտանում է ԱԺ փոխնախագահը...

Խորհրդարանի տիկին փոխխոսնակը  ևս մեկ ներողություն պետք է խնդրի Սայաթից, որ , աչքը կորցնելու պատճառով, 17-ամյա երիտասարդը չի կարող իրականացնել իր լուսավոր երազանքներից մեկը՝ ծառայել բանակում, որ անելու էր սիրով, նաև Հերմինե Նաղդալյանի ու շատ ուրիշ այլ պաշտոնյանների ու օլիգարխների զավակների փոխարեն...

 

Հ.Գ.

Ծնունդդ շնորհավոր, Սայաթ... 

 

Հեղինակ՝ 

Ա. Հարությունյան 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее