Հունիսի 7-ի օրվա երկրորդ կեսին Հանրապետություն է ներթափանցելու նոր ցիկլոն, որն իր հետ հյուսիս-արեւմուտքից բերելու է ցուրտ օդային հոսանքներ: Այս ցիկլոնը շատ ավելի ընդգրկուն ու հզոր է, ինչի հետեւանքով կեսօրից հետո եւ հունիսի 8-ին ու 9-ին տեղումները կլինեն ոչ թե երեկոյան ժամերին, այլ նաեւ օրվա ընթացքում: Կրկին մեծ է կարկուտի հավանականությունը: Մեր երկրում սպասվող եղանակային «իրադարձությունները» այսպես բնութագրեց ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:
Նրա փոխանցմամբ՝ հունիսի 8-9-ին սպասվում է նաեւ ջերմաստիճանի նվազում՝ 3-5 աստիճանով: Ցիկլոնի ուժը, ըստ Սուրենյանի, կթուլանա հունիսի 10-ին: Աստիճանաբար կնվազի նաեւ տեղումների հավանականությունը. եթե հունիսի 10-ին տեղումներ են սպասվում հանրապետության գրեթե ողջ տարածքում՝ միայն երեկոյան ժամերին, ապա հունիսի 11-ին տեղումների հավանականությունը մեծ է միայն հյուսիսային շրջաններում:
«Օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ ամսի 10-ից: Շատ բարձր ջերմաստիճան դեռ մի ակնկալեք: Բարձրացումից հետո ջերմաստիճանը հազիվ կմոտենա 30 աստիճանին»,- ընդգծում է օդերեւութաբանը:
Աղբյուրը՝ «Հայկական Ժամանակ» օրաթերթի կայք