Wnews.am-ը գրում է. Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրը նախագծվել է 1951թ., որպես ՀՍՍՀ Մինիստրների Խորհրդի տուն, որը հետագայում ծառայել է որպես ՀՍՍՀ Գերագույն Խորհրդի նախագահության շենք:
Նախագծի հեղինակը Հայկական ՍՍՀ արվեստի գործիչ, հայկական ՍՍՀ վաստակավոր ճարտարապետ, ՍՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր, Լենինի շքանշանակիր Մարկ Գրիգորյանն է:
1951 թվականին նախագծված շենքը եղել է երկհարկանի, ենթարկվել է վերակառուցման, և մակերեսը կազմել է 2720 քմ:
Առաջին հարկի 338 քմ մակերեսով 10մ բարձրությամբ տարածքը նախատեսված է ընդունելությունների համար՝ առանձին սրահներով:
1960 թվականին Մարկ Գրիգորյանը, որպես շենքի նախագծի հեղինակ, պարգևատրվել է ՀՍՍՀ Գերագույն Խորհրդի պատվոգրով:
1987 թվականին շենքը վերակառուցվել է «Հայարդնախագիծ» ինստիտուտի նախագծի հիման վրա: Շենքի երկու կողմերում ավելացվել է 10մ լայնությամբ և 6մ երկարությամբ երկու եռահարկ շենք: Վերակառուցման արդյունքում շենքի ընդհանուր մակերեսը կազմել է 4470 քմ: Շենքի արտաքին պատերը կառուցված են դեղնավուն տուֆով:
Հայաստանի Երրորդ Հանրապետության հռչակումից հետո շենքը 1992 թվականից ծառայում է որպես Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայր:
Բաղրամյան հ.26 վարչական շենքը ՀՀ կառավարության որոշմամբ 2004թ. ընդգրկվել է Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում՝ որպես հանրապետական նշանակության հուշարձան:
2009-2010թթ. Հայաստանի Հանրապետության վաստակավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի նախագծով շենքի առանցքով ետնամասում կառուցվել է քառահարկ շինություն, որպես վարչական մասնաշենք 3150.0 քմ ընդհանուր մակերեսով: Շենքի արտաքին պատերը երեսապատված են բաց դեղնավուն ֆելզիտով և տրավերտինով:
Առաջին հարկը և երրորդ հարկի մի հատվածը նախատեսված են ընդունելությունների համար՝ առանձին սրահներով: Շենքի մնացած հատվածը ծառայում է որպես վարչական մաս:
Կանաչ դահլիճ. Այս հատվածում նախագահն ընդունում է օտարերկրյա բարձրաստիճան պաշտոնյաների՝ խորհրդարանների նախագահների, վարչապետների, արտաքին գործերի նախարարների, դեսպանների:
Կլոր դահլիճ. Այստեղ տեղի է ունենում ՀՀ-ում հավատարմագրված այլ պետությունների դեսպանների՝ ՀՀ նախագահին հավատարմագրերի հանձնման արարողությունը: Այս դահլիճում է կազմակերպվում նաև այլ պետությունների ղեկավարների այցերի ընթացքում երկկողմ փաստաթղթերի ստորագրման արարողությունը:
Ոսկեզօծ դահլիճ. Այս դահլիճում տեղի են ունենում Հայաստանի նախագահի և այլ պետությունների նախագահների հանդիպումները՝ երկկողմ ձևաչափով: Այստեղ նախագահն ընդունում է նաև հոգևոր առաջնորդների:
Մեծ դահլիճ. այստեղ կազմակերպվում են նախագահի անունից տրվող պաշտոնական և տոնական ընդունելությունները, պետական և պաշտոնական ճաշերը, ինչպես նաև կազմակերպվում են պարգևատրման արարողություններ ու մամուլի ասուլիսներ:
Փոքր սրահ.Այստեղ տեղի են ունենում հանդիպումներ այլ պետությունների բարձրաստիճան պաշտոնյաների հետ:
Կապույտ /բրիֆինգների/ դահլիճ
Այս դահլիճում նախագահն անցկացնում է խորհրդակցություններ և նիստեր: Այստեղ կազմակերպվում են նաև ՀՀ նախագահի և այլ պետությունների ղեկավարների համատեղ մամուլի ասուլիսներ: Այս դահլիճում նախագահն ընդունում է օտարերկրյա պատվիրակությունների:
Հանդիպումների դահլիճ
Այս դահլիճում կազմակերպվում են այլ պետությունների ղեկավարների պաշտոնական և պետական այցերի ընթացքում տեղի ունեցող ընդլայնված կազմով բանակցությունները:
Բուխարու սրահ
Այս սրահում կազմակերպվում են արտերկրյա բարձրաստիճան պաշտոնայների հետ հանդիպումներ:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում