Արդեն մի քանի օր է լրատվական դաշտում լուրեր են պտտվում ՀՅԴ անդամ Վահան Հովհաննիսյանի Գերմանիա դեսպանական առաքելության մեկնելու վերաբերյալ:
Բնականաբար, ինչպես և պիտի ենթադրել, այս լուրն արժանացավ բավականին լայն քննարկումների ու նույնիսկ ասպարեզ իջեցվեցին սկանդալային-սենսացիոն տեսակետներ ու կարծիքներ:
Ի վերջո մի քանի օրեր սպասելուց հետո խոսեց այսպես ասած` գործի հերոսը` Վահան Հովհաննիսյանը` yerkir.am-ին տալով մեկնաբանություններ խնդրո առնչությամբ:
Մեկնաբանությունը շատ կողմերով կանխատեսելի էր և եթե Վահան Հովհաննիսյանը կողմից էլ չհնչեցվեր, միևնույնն է, բոլորին էլ այդ կարծիքները հայտնի էին:
Սակայն կա մի քանի ուշագրավ կետ, որոնց հարկ է անդրադառնալ:
Փաստորեն, ստացվում է, որ հայ ավանդական կուսակցության առաջնորդներից մեկը ստանում է դիվանագիտական առաքելության մեկնելու առաջարկ պետության կողմից և կուսակցությունը դրան նայու՞մ է հանգիստ, և այն դիտարկվում է զուտ միայն որպես անձնական առաջարկ այն դեեպքում, երբ ՀՅԴ-ն միշտ աչքի է ընկել ներկուսակցական արտակարգ կենտրոնացվածությամբ ու կարգապահությամբ:
Ուրեմն` ի՞նչ է կատարվում, կամ այստեղ աշխատել է զուտ հայաստանյան ԽԾԲ /խնամի-ծանոթ-բարեկամ/ սկզբունքը, որն հասկանալի է այս պարագային առանց փակագծեր բացելու, կամ ՀՅԴ-ի հետ մի բան կատարվում է ու ամեն բան կարգին չէ այս կուսակցության առողջական վիճակի հետ:
Հիմա ո՞րն է իրականությունը Վահան Հովհաննիսյանի պարագայում, դեռ կերևա առաջիկայում: Թեև երրորդ տարբերակն էլ կա` կապված այն հանգամանքի հետ, որ հայ ավանդական այս կուսակցությունը որոշել է իրապես փոխել իր քաղաքական ուղեծիրը և այժմ դեռ միանգամից չի բացում խաղաթղթերը և` թե հասարակությանը, թե իր անդամներին փորձում է աստիճանական ընտելացման եղանակով բացահայտել նոր իրականությունը: Ինչ էլ լինի` չպետք է բացառել, որ առջևում Մեծ Եղեռնի 100-ամյա տարելից կա ու դաշնակցական դեսպանը այս համատեքստին լավագույն թեկնածուն կարող է լինել:
Հեղինակ`
Արսեն Լևոնյան