▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Օմպուցմանը...

Հայտնի պատմություն է, երբ հայաստանցի ու սփյուռքահայ շինարարները, որ աշխատում էին մի շինհրապարակում, միյանց հետ վիճում են, քանի որ հայաստանցին վերևում աշխատող սփյուռքահային ասում է  «ձգիր» պարանով դույլը, իսկ վերջինս «գցում» է այն ուղիղ ներքևում գտնվող գործընկերոջ գլխին:

Սա միակ դեպքը չէ, երբ երկու հայն իրար չեն հասկացել ու երբ պատճառը արևելահայերենի ու արևմտահայերի արտասանության, ժամանակակից ու դասական ուղղագրության ու հնչյունների արտաբերման երբեմն անեկդոտային աստիճանի հասնող տարբերությունն է:

Հիմա, դրսի ու ներսի հայերն իրար հասկանում են՝ կարծես թե ոչ միայն լեզվական, այլ քաղաքական առումով: Ու սփյուռքահայը արդեն Հայաստանին միայն  իբրև զբոսաշրջիկ չի վերաբերվում, այլ  իբրև տեր ու մաս այն ամենի, որ կա իր հայրենիքում ու կատարվում է Երևանում ու մայրաքաղաքից դուրս: 

Իմ սփյուռքահայ բարեկամը, որ առաջին անգամ էր այս տարի եկել Հայաստան ու նպատակ ուներ գնալ Գառնի, Գեղարդ, Էջմիածին ու մյուս այն տեղերը, որ սովորաբար տանում են «հայրենիքը կարոտցած» մեր բարեկամներին, ժամանակ չունեցավ ու իր ողջ արձակուրդն անցկացրեց Խորենացի փողոցում, մի քանի ժամ էլ ոստիկանության բաժանմունքում, որտեղ , թերևս ըմբոստության համար, կապտուկ էր ստացել աչքին, սակայն չէր ուզում դրա մասին խոսել, որ ծնողները չիմանան  հայրենիքում իր հետ պատահածի մասին: 

Իսկ  վերջում, երբ գնում էր, մտահոգ ասաց. «Լավ օմպուցման մը ըլլա, աս տղաքի հարցը դյուրին կըլլա...», հետո ժպտաց ու ձեռքը թափ տվեց՝ «եթե օմպուցման ըլլա...»:

Արդեն Ստամբուլ  հասնելով ֆեյսբուքով ինձ մի քանի տարի առաջ տպագրված  թերթից լուսանկար ուղղարկեց՝ մակագրությամբ՝  «չէ, չըլլար...հույսդ կորցուր»:

Եկող տարի  իմ սփյուռքահայ ընկերոջը չեմ թողնելու խոսել ոչ օմբուդսմենի, ոչ էլ քաղաքականության մասին... Եկող տարի հերթը Գառնիինը, Գեղարդինն է, չնայած առաջին անգամ Հայաստան եկած երիտասարդը Խորենացին սիրեց, հիշեց ու ... հայրենիքից «կապտուկը» տարավ իր հետ՝ իբրև  «հուշանվեր»...

 

Հեղինակ՝ Արսեն Մաթևոսյան 

Լուսանկարներ պատահական չեն, այնտեղ դուք կգտնենք իմ  ծուռ ընկերոջը

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее