Սույն կոչը ուղղում ենք բարի կամքի տեր բոլոր մարդկանց։ Մենք՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներս և նախկին բնակիչներս, այլեւս չենք հանդուրժում Հայաստանում տիրող անօրինականության ու անպատժելիության մթնոլորտը։ Մենք կոչ են անում բոլոր նրանց, ովքեր մտահոգված են այս խնդրով՝ միանալ մեր շարժմանը և պատասխանատվության կանչել Հայաստանի հանցագործ ու կաշառակեր տերերին։
Իմ եղբայրը՝ Վահե Ավետյանը մահացու ծեծի է ենթարկվել Հայաստանի մաֆիոզ օլիգարխ, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի, այսպես կոչված՝ Նեմեց Ռուբոյի անմիջական հրահանգով։ Ռեստորանի աշխատակիցների մի մեծ խումբ՝ Հայրապետյանի անձնական թիկնապահների հետ միասին մահացու ծեծի ենթարկեցին Վահե Ավետյանին 2012թ. հունիսի 17–ին՝ Նեմեց Ռուբոյին պատկանող Հարսնաքար ռեստորանի մոտ տեղի ունեցած միջադեպի արդյունքում։
12 օր անց՝ 2012թ. հունիսի 29–ին, Երեւանի հիվանդանոցներից մեկում, առանց գիտակցության գալու մահացավ ՊՆ Երևանի կայազորի ռազմական հոսպիտալի բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր Վահե Ավետյանը։ Նա ընդամենը 32 տարեկան էր։
Սա ևս մեկ նախազգուշացում է, որ Հայաստանում պաշտպանված չէ մարդու հիմնարար իրավունքը՝ ապրելու իրավունքը։ Նման ողբերգությունները ստվեր են գցում երկրի Սահմանադրության վրա, որով Հայաստանի Հանրապտությունը հռչակված է որպես օրենքի պետություն։
Հայաստանի քաղաքացու և ՀՀ Զինված ուժերի սպայի դաժան ծեծը և դրան հետևած մահը երկրի քաղաքացիների շրջանում ստեղծել է հուսահատության ու անպաշտպանվածության մթնոլորտ և էլ ավելի խորացրել անվստահությունը իրենց հայրենիքի ապագայի նկատմամբ։
Տարբեր երկրներում մարդիկ խստագույնս դատապարտեցին այս դաժան սպանությունը, որը կազմակերպվել և իրականացվել էր Հայաստանում իշխանության գլուխ կանգնած մարդկանց կողմից։ Այժմ մենք պահանջում ենք, որպեսզի Հայաստանի իշխանությունները հետաքննություն կատարեն՝ բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու իրական մեղավորներին։
Սակայն, քանի դեռ Հայաստանում՝ կառավարության աջակցության ներքո իշխում են կաշառակեր ու հանցագործ օլիգարխները, որոնք անարգել շարունակում են իրենց հանցավոր գործունեությունը՝ առանց պատժից վախենալու, մենք պետք է մեր բողոքն ուղղենք Հայաստանն ու հայ ժողովրդին թալանող այդ քրեա–օլիգարխիկ պաշտոնյաների դեմ։
Մենք վստահ ենք, որ միջազգային հանրությունը կմիանա մեզ եւ իր հզոր աջակցությունը կբերի մեր խնդիրներին, այլապես տանջահար արված Հայաստանի ժողովուրդը ի վիճակի չի լինի միայնակ պայքարել այս հանցավոր ռեժիմը արմատախիլ անելու համար։
Հայաստանի զինված օլիգարխ առաջնորդները չեն երկյուղում հանցագործություններ կատարելուց, քանզի վստահ են, որ իրենք վեր են օրենքից, իրենք երկրի տերերն են, որոնք ճորտացրել են սեփական ժողովրդին եւ շարունակում են մնալ անպատիժ։
Տարիներ շարունակ հայաստանյան հանցագործ ղեկավարները, ներառյալ Նեմեց Ռուբոն, բացեիբաց սպառնացել են ֆիզիկապես “պատժել” լրագրողներին եւ բոլոր նրանց, ովքեր ձայն կբարձրացնեն իրենց դեմ։
Սակայն մեզ վախեցնելը հեշտ չէ։ Մենք պահանջում ենք Վահե Ավետյանի գործով հանրային դատավարություն կազմակերպել Հայաստանում եւ պատասխանատվության կանչել սպանության բոլոր մասնակիցներին։ Մենք քաջ տեղյակ ենք, որ Վահեի սպանությունը պատշաճորեն չի հետաքննվում եւ նրա փաստաբաններին չի տրամադրվում այն ամբողջական տեղեկատվությունը, որը նրանց անհրաժեշտ է գործը ամենայն ճշգրտությամբ դատավարության ներկայացնելու համար, քանի որ Հայաստանի կառավարությունը հրաժարվում է համագործակցել հետաքննության ընթացքին։
Հայաստանում որեւէ մեկը չի վստահում դատական համակարգին եւ դա է պատճառը, որ մենք հայցում ենք միջազգային հանրության եւ ժողովրդավարական երկրների կառավարությունների միջամտությունը։ Մենք խնդրում ենք օգնել հայ ժողովրդին՝ պատժելու հայաստանյան օլիգարխ հանցագործներին, որոնք կամ ներգրավված են մարդու իրավունքների խախտումների մեջ, կամ հովանավորում են օրինախախտներին։
2012թ. հունիսին ԱՄՆ–ի Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից կազմված “Մագնիտսկու ցուցակը” սահմանում է մարդու իրավունքները խախտող պաշտոնյաների դեմ սանկցիաների կիրառում ոչ միայն Ռուսաստանում, այլեւ տարբեր երկրներում։
Մենք կոչ ենք անում ստեղծել նոր “Մագնիտսկու ցուցակ”, որը կարող է կոչվել “Ավետյանի ցուցակ” եւ որը կնախատեսի սանկցիաներ՝ Հայաստանում մարդու իրավունքները խախտող պաշտոնյաների դեմ։
Մենք դեռեւս աշխատում ենք այդ ցուցակի վրա եւ պահանջում ենք, որպեսզի ԱՄՆ–ի կառավարությունը, Մարդու իրավունքների միջազգային կազմակերպությունները եւ Եվրոպայի Անվտանգության ու Համագործակցության Կոմիտեի Խորհրդարանական Վեհաժողովը ընդունի առաջարկությունը՝ կիրառել այլ երկիր մուտքի արգելք եւ անձնական հաշվեհամարների սառեցում Հայաստանի կառավարության այն պաշտոնյաների նկատմամբ, որոնք պատասխանատու են ինչպես Վահե Ավետյանի մահվան, այնպես էլ Հայաստանում մարդու իրավունքների խախտումների համար։
Մենք պահանջում ենք Հայաստանում մարդու իրավունքների խախտումների մեջ ներգրավված հայ պաշտոնյաների երեխաների եւ բարեկամների նկատմամբ այլ երկրներ մուտքի արգելք։ Մենք պահանջում ենք սառեցնել Հայաստանի կառավարության այն պաշտոնյաների բարեկամների անձնական հաշվեհամարները, որոնք հայ ժողովրդից գողացած գումարները ապահովության համար փոխանցում են Եվրոպայի եւ Միացյալ Նահանգների տարբեր բանկեր կամ ներդրումներ կատարում արտասահմանում ձեռք բերված սեփականության մեջ։
Հայաստանի բոլոր օլիգարխ պաշտոնյաները եւ նրանց հանցագործ աջակիցները պետք է զրկվեն իրենց դիվանագիտական անձեռնմխելիությունից եւ արտասահման մեկնելու իրավունքից։