BlogNews.am-ը գրում է, որ այցելել է Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, զրուցել վիրավոր զինծառայողների հետ։ Զրույցից ակնհայտ էր, որ պատերազմն անսպասելի էր և իր հետևանքներն է թողել, հատկապես, երիտասարդ զինծառայողների ոչ միայն ֆիզիկական առողջության, այլև հոգեբանական վիճակի վրա, սակայն նրանք ամուր են, ինչպես երբեք։ Տղաներին ամենից շատ անհանգստացնում էր ընկերների վիճակը։ Բոլորը միաբերան ասում էին՝ վերադառնալու են ծառայության՝ ընկերների հետ հայրենիքը պաշտպանելու, վիրավորվելու հետևանքով վաղաժամ զորացրվելու մասին ոչ ոք չէր էլ մտածում։
Համբարձում Վարդանովը ծնունդով սահմանամերձ Ճամբարակից է, սակայն ապրել է Մասիսում, այժմ ծառայում է Ջաբրայիլում։ Նա հերթափոխն ընդունել էր ապրիլի 1-ին։ Ծոծորակին բեկորային վնասվածք ստացած զինծառայողը BlogNews-ին պատմեց, որ հակառակորդն իրենց անակնկալի է բերել՝ հանկարծակի հարձակմամբ։ «Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերն էր՝ ժամը 4։00-4։20-ի կողմերը, հակառակորդը միանգամից եկավ, առաջին վայրկյանին խուճապ կար, քանի որ իրենք նռնակ նետեցին, որից մեզ մոտ 2 հոգի վիրավորվեց, մեկը՝ շատ լուրջ՝ մի ոտքը կորցրեց... Մինչև իրենց իջեցրինք կացարան, առաջին բուժօգնություն ցույց տվեցինք, հասկացանք, որ հակառակորդն արդեն մեր խրամատում է։ Էլ չկարողացանք գնալ մեր տեղը, կացարանի մոտից էինք կռիվ տալիս հակառակորդի հետ։ Բնականաբար, հարմար չէր, շատ դժվարություններ կային, իրենք բարձր տեղում էին, մենք՝ ցածր, առավելությունն իրենց կողմն էր։ Կարծում եմ՝ իրենք սպառազինության պակաս էլ չունեին, որովհետև անընդհատ կրակում էին, նռնակներ նետում, ու դա չէր վերջանում։ Մեր զինամթերքը սահմանափակ էր, աշխատում էինք հնարավորինս քիչ կրակել, սակայն արժանի հակահարված տալ, չէինք թողնում, որ առաջ գան»,- պատմեց նա։
Համբարձումը նշեց, որ իրենք պատրաստ էին, ուղղակի սպառազինությունն ու մարդկանց քանակը համաչափ չէր։ Թշնամու շարքերում էլ երիտասարդ զինծառայողներ չէին։ Ընկերներն իրենց օգնություն էին բերել, սակայն հակառակորդը կրակի տակ էր պահում դիրք տանող բոլոր ճանապարհները, արդյունքում՝ ոչ ոք չէր կարողանում զինամթերք բերել իրենց. «Մի կերպ 2 սպա եկավ, վիրավորներից մեկին հանեցին դիրքից ու էլ ոչ ոք չէր կարողանում դիրքին մոտ գալ։ Արդեն հրամանի չէինք սպասում, հակառակորդը մեր դիրքի տարածքում էր, ու մեզ վրա էր կրակում, ի՞նչ հրաման, հակահարված էինք տալիս։ Օրենքով էլ նախատեսված է, որ բացահայտ հարձակման դեպքում մենք կարող ենք կրակ բացել։ Բացի այդ, բոլորս էլ մտածում ենք մեր կյանքի մասին»,- ասաց 21 ամսվա զինծառայողը։
«Երբ զինամթերքն արդեն վերջանում էր, կային զոհեր ու վիրավորներ, դիրքում 7 հոգի էինք մնացել, 4-ն ընկած էին, չգիտեմ՝ զոհվեցի՞ն, թե՞ վիրավորվեցին (աչքերը մի պահ լցվեցին, բայց հմտորեն թաքցրեց)։ Երեքով էինք ոտքի վրա և կարողանում կռիվ տալ»,- հիշեց Համբարձումը։ Ընկերների մասին խոսելիս աչքերն ավելին էին պատմում։ Նրանց վիճակի մասին օդում կախված հարցը, թերևս, ամենից շատն էր անհանգստացնում Համբարձումին։ Հրամանատարն ասել է՝ ամեն բան նորմալ է, բայց ընկերների հետ կապ հաստատել այդպես էլ չի ստացվել։
«Չէի պատկերացնում, որ կարող է պատերազմ լինել, ոչ մի կերպ չէի պատկերացնում... Մինչ այս եղել են դիվերսիոն հարձակումներ մի կետի վրա, բայց սա բացահայտ հարձակում էր։ Հոգեբանական ճնշումը կա, սակայն այդքան լուրջ չէ։ Ես էլ եմ զարմանում իմ հոգեբանության վրա, իմ պատկերացնելով՝ այդ ամենը տեսելով պիտի հոգեբանական լուրջ խնդիրներ ունենայի, բայց Փառք Աստծո։ Հիմա փորձում եմ ցրվել, որովհետև եթե ամբողջ օրը մտածեմ, հաստատ կունենամ հոգեբանական այդ խնդիրները»։
Համբարձումը շեշտեց, որ անպայման վերադառնալու է ծառայության. «Վնասվածքս այնքան լուրջ չէ, որ այլևս չծառայեմ։ Ես նորից պիտի վերադառնամ ծառայության»։ Ինչ վերաբերում է ապագային՝ նա նշեց, որ Մասիսի գյուղատնտեսական պետական քոլեջում է սովորում՝ Տրանսպորտի կառավարման և փոխադրման կազմակերպման բաժնում։ Ամռանը զորացրվելուց հետո նա մտադիր է շարունակել ուսումը։
19-ամյա Սահակյան Միքայելը գյումրեցի է, նա ևս Ջաբրայիլում է ծառայում, սակայն այլ գումարտակում։ Ապրիլի 1-ին նա հանձնել էր հերթափոխն ու իջել զորամաս, սակայն տագնապ է եղել և հետ են բարձրացել վերև։ «Պատրաստակամ բարձրացանք վերև։ Մեր նպատակն էր հետ վերցնել մեր հողերը՝ կռիվ տալ մինչև վերջ։ Բոլոր տղաներն էլ էդպես էին՝ մինչև վերջ ուզում էին կռիվ տալ»,- ասաց Միքայելը, ով վիրավորվել է ապրիլի 3-ի լույս 4-ի գիշերը։
«Երբ բարձրացանք, արդեն հարձակվել էին մեզ վրա և վերցրել մեր դիրքերը։ Սկսվեց կռիվը, պայթյուն եղավ, և ես վիրավորվեցի: Նռնակից վիրավորում եմ ստացել ձեռքիս և կրծքավադակիս շրջանում»,- ասազ զինվորը։ Միքայելն առավել հանգիստ էր. նա խոսել է ընկերների հետ, բոլորը լավ են, միայն ինքն է վիրավորվել։
Առավել մանրամասն՝ սկզբանղբյուր կայքում