«Մարդիկ միայն քարկոծեն և հարվածեն, ինչու ոչ նաև փնովեն։ Աշխատանքը չի գնահատվում միայն ներքին վեհության բացակայության հանգամանքով պայմանավորված։ Տիկին Հակոբյանի ավանդը չի կարելի ուրանալ։ Նրա վաստակը մեծ է, հոգին՝ անամպ»,-այսպես էին վերջերս արձագանքել համացանցի միջոցով հայտնի դարձած ու բազմաթիվ՝ այդ թվում հումորային քննարկումների արժանացած «Կույս կանանց միավորում» ՀԿ-ում իրենց ու Հրանուշ Հակոբյանի հասցեին հնչած քննադատական հրապարակումներին ու գրառումներին։
Հիշեցնենք, որ «Կույս կանանց միավորում» ավելի վաղ հայտարարել էր, որ ՀԿ-ն ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի բարձր հովանու ներքո հայտարարում է հայու տեսակին նվիրված բանաստեղծությունների մրցույթ։ «Ողջունվում են գենի հարատևությունը խրախուսող և հոգու մաքրությանը նպաստող ստեղծագործությունները։ Կառանձնացվեն ոգեղեն մոտեցումները, որոնք կառաջացնեն միտումներ։ Բանաստեղծությունները կարող եք ուղարկել մեր էջին կամ գրել այս գրառման տակ։ Լավագույնը կարժանանա հատուկ շնորհակալագրի, ինչպես նաև յուրահատուկ խրախուսանքի։ Հաղթողին կընտրի «Հայ գենի հաղթանակ» մշակութային կենտրոնի մասնագետների հատուկ հանձնաժողովը»:
Նշենք, որ «Կույս կանանց միավորում»-ն օրերս էլ իրենց ֆեյսբուքյան էջում նշել էր, թե ՀԿ-ում ոգևորված են Աթուր Բաղդասարյանի կողմից «Հայկական վերածնունդ միավորում» կուսակցության ստեղծման առիթով, և որ նրանք նույնպես միանում են «ՀՎՄ»-ին, քանզի՝ «հայու գենի պահապան միությանն իր դյուցազուն ուխտն են բերելու «Նաիրյան ստինքներ» և «Կորով» շարժումները։ ԿԿՄ «Տիրամայր» հետազոտությունների կենտրոնը և «Թող որ աճեմ» խմբակը ևս միանում են նորաստեղծ կուսակցությանը»։