Hetq.am-ը գրում է.
Արդեն հայտնի, որ Հայաստանի վարչապետ է դառնալու Կարեն Կարապետյանը։
Մասնագիտությամբ տնտեսագետ Կարեն Կարապետյանը քաղաքական դաշտում առաջին անգամ հայտնվեց Երևանի քաղաքապետի պաշտոնում՝ 2010-2011թթ.: Մինչ այդ, ըստ նրա կենսագրությանը, Կարեն Կարապետյանը եղել է՝ 1996-1998 թթ. «Հայէներգո» ՊՁ գլխավոր տնօրենի տեղակալ, 1998-2001թթ.՝ «Հայէներգո» ՓԲԸ գլխավոր տնօրեն, 2001-2010թթ.` «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ, վարչության նախագահ-գլխավոր տնօրեն։ Քաղաքապետի պաշտոնը թողնելուց հետո «Գազպրոմբանկ» ԲԲԸ առաջին փոխնախագահն էր, 2013 թվականից էլ՝ «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խմբի» խորհրդի անդամ:
Հայաստանում Կարեն Կարապետյանն իր անվամբ գրանցված բիզնես, կարծես թե, չունի: Հովիկ Աբրահամյանի նման նա էլ է իր հարազատների անուններով ձևակերպել իր բիզնեսները: Կարապետյանի ընտանեկան բիզնեսի «պաշտոնական ներկայացուցիչը» նրա ավագ որդին է՝ Տիգրան Կարապետյանը:
Տիգրան Կարապետյանը 50% բաժնեմաս ունի կանանց ներքնազգեստի Women’ secret խանութ-սրահի սեփականատեր «Էդ ընդ Թի Փարթներս» ՍՊԸ-ում: Բաժնետոմսերի մնացած կեսը Էդգար Խաչատրյանին է պատկանում, ով հանրահայտ «Դալմա Գարդեն Մոլի» տնօրենն է:
Կարապետյանները բիզնես գործընկեր են ռուսաստանցի գործարար, «Տաշիր» խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանի հետ:
«Դալմա ինվեստ» ՍՊԸ-ում Տիգրան Կարապետյանը 1% բաժնեմաս ունի, իսկ 99% բաժնետոմսերը Բրիտանական Վիրջինյան Կղզիներում գրանցված օֆշորային «Հոլթ Հոլդինգ ընդ. ֆայնենս» ընկերությանն է:
Լայնածավալ ներդրումային ծրագրեր իրականացնելու համաձայնագիրը «Տաշիր» գրուպ ընկերության նախագահ Սամվել Կարապետյանի հետ կնքվել է 2011թ. մարտի 1-ին: Մասնավորապես, դրա շրջանակներում ենթադրվում էր Դալմայի այգիների տարածքում ավարտին հասցնել «Դալմա Գարդեն Մոլ» առևտրի ու ժամանցային համալիրի շինարարությունը: Համաձայնագիրը ստորագրել է անձամբ ինքը՝ քաղաքապետ Կարեն Կարապետյանը:
Կարեն Կարապետյանի որդու անունը երևում է նաև «Էրեբունի պլազա» ՍՊԸ-ում: Այնտեղ, ճիշտ է, չնչին բաժնեմաս ունի, բայց բացառված չէ, որ օֆշորային խոշոր բաժնետեր ընկերությունը՝ ԲՎԿ-ում գրանցված «Քլիֆֆ Թրեյդ էնդ ինվ. Ինկ»-ը ևս Կարապետյանների ընտանիքինն է: Դա պարզել մեզ դեռևս չհաջողվեց:
Կարեն Կարապետյանի անվան հետ մշտապես կապվող, Հրազդանի կիրճում գործող «Ֆլորենս» ռեստորանը նույնպես որդու անվամբ է: «Գոլդ Ռեստ» ՍՊԸ-ում, որն աշխատեցնում է ռեստորանը, Տիգրան Կարապետյանը 65% բաժնեմաս ունի: 35%-ի բաժնետերն էլ 26-ամյա Լիլիթ Նիկոլայի Գաբրիելյանն է:
Կարապետյանների «Ֆլորենս» ռեստորանն իր «քույրն» ունի նաև Արցախում: Ստեփանակերտի կենտրոնական հրապարակում գործում է ևս մեկ «Ֆլորենս» ռեստորան:
Շարունակությունը՝սկզբնաղբյուր կայքում