Նիկոլ Փաշինյանը շարունակում է իրականացնել պետական հանցագործություն. Աննա Մկրտչյան
Թարմացված․ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ԱԺ-ում հաստատեց, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման և սահմանազատման համար չկան համաձայնեցված քարտեզներ, ի՞նչ վտանգներ եք տեսնում դրանց բացակայությամբ սահմանազատման աշխատանքները սկսելու մեջ։ Խորհրդարանական ճեպազրույցների ժամին հարցը ուղղվեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանին։ «Տարիուկես առաջ նույն Նիկոլ Փաշինյանը պնդում էր, որ կան տարբեր ժամանակահատվածներում գծված սովետական քարտեզներ, որոնք ամբողջությամբ տալիս են դելիմիտացիայի և դեմարկացիայի հարցերի պատասխանները։ Մենք ի պատասխան դրա պնդում էինք, որ չկան այդ քարտեզները, հստակ չեն և եթե անգամ դրանք ինչ-որ տեղ գտնվում են, ապա չեն կարող միջպետական սահմանի սահմանազատման, առավել ևս երկկողմ պայմանագրի, հիմք հանդիսանան, որովհետև դրանք սովետական միության ներքին օրենսդրությանը համապատասխան գծված քարտեզներ են։ Հետո ինքը ավելի էր իր սուտը զարգացնում՝ ասելով, որ ի՞նչ կապ ունեն սովետական քարտեզները, չէ՞ որ կա Վարչատարածքային բաժանման մասին օրենք, որով ՀՀ օրենսդիր մարմինը գծել է Հայաստան-Ադրբեջան սահմանը։ Հիմա իշխանությունը պահելու համար մեկ այլ որոշում ա պետք կայացնել, քանի որ այդ քարտեզներից ոչ մեկը իրեն և իր թուրք-ադրբեջանական տերերին ձեռք չեն տալիս։ Մենք կարծում ենք՝ որտեղ ՀՀ զինված ուժերը ունեն ստորաբաժանումներ, բնականաբար մինչև Նիկոլ Փաշինյանի գրավոր և բանավոր համաձայնություններով հանձնելը, դրանք ՀՀ տարածքներ են, Նիկոլ Փաշինյանը կամ որևէ պետական մարմին իրավունք չունի ինքնուրույն հետքաշման որոշում կայացնի, դա պետական հանցագործություն է»,-ասաց Աննա Մկրտչյանը: