Երևանի ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանը քաղաքապետարանի դիմաց ընթացող բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց, որ քաղաքապետ Ավինյանի հետ հանդիպել է, ներկայացրել է ծառերի համատարած հատման բոլոր վտանգները, սակայն նրա ներկայացրած գիտական բացատրությունները մնացել են անհետևանք: «Հիմա քաղաքացիների հերթն է, որ խոսեն նրա հետ ու հասկացնեն, թե ինչ մեծ վտանգի առջև են կանգնեցնում Երևանն ու երևանցիներին»,- նշեց նա: Նա նաև հավելեց` ներկայացրեք գիտական փաստերը, ոչ թե «պապայի արև, շատ լավ ծառ ա»: Քաղաքապետարանի դիմաց դուրս եկած Ավինյանն էլ հայտարարեց, թե քաղաքապետարանն այս 2 տարում 10 հազար ծառ է տնկել` ոռոգման համակարգի ներդրմամբ, տնկածների 95%-ը կպել է: *** |
Քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիների հետ զրույցելու դուրս եկած Տիգրան Ավինյանը հայտարարեց, թե իրենք որևէ առողջ ծառ չեն կտրում: «Գիտնականներն, ովքեր շատ թե քիչ հասկանում են, խորհուրդ են տալիս... Բոլոր կտրվող ծառերը թեղի են... Ժողովուրդ, եթե չեք լսելու, ես գնամ... Ամբողջ Թումանյան փողոցի վրա մի հատ առողջ թեղի չկար: Մի հատիկ թեղի կար, որ քիչ թե շատ առողջ էր, որոշեցինք դա թողնել, էն էլ բնակիչները բողոքեցին, թե սա՞ ինչու չեք կտրել, վրայից բլոջը թափվում է մեր բալկոնին»: Նկատողությանը, որ սրսկել է պետք, ոչ թե հատել, արդարացավ. «Սրսկում ենք, էն աստիճանի են սրսկվում էդ ծառերը...»: *** |
Երևանի քաղաքապետարանի դիմաց ծառերի համատարած հատման դեմ բողոքող քաղաքացիների շարքում էր Երևանի Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանը: Նրա բողոքի ձայնը քաղաքապետ Ավինյանը փորձեց լռեցնել. «Հարգելի Վիկտըռ, ձեր ռեստորանը ռեկրեացիոն գոտում ա, խնդրում եմ, գոնե դուք մի խոսեք, էլի»: Նշենք, որ Վիկտոր Մնացականյանի հորը պատկանող «Երևանյան գիշերներ» ռեստորանը գտվում է Ծովակալ Իսակովի պողոտայում: Այս թեմայի շուրջ տարիներ առաջ Վիկտոր Մնացականյանն ասել էր. ««Երևանյան գիշերներն» անօրինական չէ, զբոսայգու մեջ չէ և «Երևանյան գիշերում» ավելի շատ ծառ է տնկվել, քան եղել է»: *** |
Քաղաքապետարանի դիմաց ծառահատումների դեմ բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիների հետ զրույցում քաղաքապետ Տիգրան Ավինյանը եզրահանգեց. «Մի փողոց ա մնացել, Կառավարության ետևի փողոցը: OK, չենք անում... Գարնանը... Սա ուշադիր լսե՛ք, որ հետո չասե՛ք... Մենք ակնկալում ենք ձեզնից գիտական կարծիք, որի հիման վրա նորից փորձաքննություն կանենք»: «Բա ասում էիք` ասե՛ք, կանենք, բա ասում ենք` մի՛ կտրեք, բա մի՛ կտրեք»,- նրան արձագանքեցին ցուցարարները: |
«Ներկայացրեք գիտական փաստերը, ոչ թե «պապայի արև, շատ լավ ծառ ա»». Քրիստինա Վարդանյան
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet